Մոսկվայում եւ Ռուսաստանի այլ քաղաքներում մարդկանց հանրահավաքի դուրս հանեց ընտրությունների կեղծման փաստը։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռուս բլոգեր, գրող եւ հեռուստալրագրող Լեոնիդ Կոգանովը (lleo) ՝ ավելացնելով, որ մարդիկ ենթագիտակցորեն հասկանում էին,որ ընտրությունների կեղծում լինելու է մինչեւ ընտրությունները, բայց իրական փաստը բոլորին վրդովվեցրեց։ «Ընտրությունների կեղծման փաստը աներկբա է։ Ընկեր ունեմ, որ ձայնը տվել է «Յաբլոկո» կուսակցությանը, իսկ հետո լսում է, որ իրենց ընտրատեղամասում այդ կուսակցությունը ձայն չի ստացել, ախր ինչպե՞ս կարող է էդպես լինել, ինչո՞ւ են մարդկանց խաբում», -ասաց բլոգերը՝ ավելացնելով, որ Ռուսաստանում որեւէ մեկը չի կասկածում, որ ձայների մեծամասնությունը հավաքելու էր իշխանական «Եդինայա Ռոսիան» կուսակցությունը։
«Ընտրության կեղծման պատճառն է անհասկանալի ու միաժամանակ վրդովեցուցիչ, ինչո՞ւ են կեղծում, եթե միեւնույն է ամենաշատ ձայներ հավաքող կուսակցությունը «Եդինայա Ռոսիան» է լինելու»,- նկատեց նա։ Ըստ բլոգերի՝ Մոսկվայի «Բոլոտնայա» հրապարակում հավաքվածների մեծ մասը մինչեւ այդ քաղաքականությունից հեռու մարդիկ էին։ «Ես, որպես գրող երբեք չեմ խառնվել քաղաքական գործընթացներին, պարզապես միշտ ունեցել եմ իմ քաղաքացիական դիրքորոշումը։ Ես ցանկանում եմ, որ Ռուսաստանում կոռուպցիայի դեմ իսկական պայքար մղվի, որ գործեն օրենքները, որ իշխանությունը լսի ու կատարի հասարակության պահանջը։ Բայց այս ընտրություններից հետո ես էլ սկսեցի քաղաքական թեմաներով գրել, որովհետեւ իսկապես դրա պահանջը կա»,- նշեց Կոգանովն՝ ընդգծելով, որ մարդիկ չեն ասում, օրինակ, որ Պուտինը հանցագործ է, նրանք պարզապես պահանջում են լեգիտիմության վերականգնում։
Ըստ նրա, իշխանությունը պետք է կարողանա հրաժարվել աթոռից, որովհետեւ իշխանության ուղղահայացը քարացել է, ու երկիրը չի կարողանում առաջ տանել։ «Որպես օրինակ բերեմ Մոսկվայի ներկա քաղաքապետին։ Մինչեւ ներկայիս քաղաքապետը Մոսկվայում տասնամյակից ավելի իշխում էր Յուրի Լուժկովը, նրան իշխանությունը փոխարինեց Սերգեյ Սոբյանինով, որը նույնպես «Եդինայա Ռոսիա»-ից է, բայց այս մարդը թարմ գաղափարներ բերեց, եւ այժմ մայրաքաղաքում դրական տեղաշարժ կա: Իշխանությունում էլ թարմ ուժեր են պետք, ոչ թե` հին։ Պուտինը ժամանակին իր գործն արել է, եւ դրական ազդեցություն թողել է, բայց այժմ պետք է նորերը գան»,- ասաց բլոգերը՝ ավելացնելով, սակայն, որ ընդդիմության մեջ ներկայումս նման առաջնորդ դեռեւս չկա։
Կոգանովն անդրադարձավ նաեւ արեւմտամետ ուժերի իշխանության գալու մասին թեմային՝ նշելով, որ Արեւմուտքի կողմից Ռուսաստանում գործող «դավադիր» քաղաքական ուժերի մասին տարածվող լուրերը հնարավոր է պարզապես պախարակման միջոց են։ «Բոլոր երկրներում էլ ընտրություններ լինում են, բայց ինչո՞ւ մի անգամ Գերմանիայի իշխանությունները չասացին, թե հակառակորդ ուժը ամերիկամետ է, եւ ցանկանում է Գերմանիան քանդել, իսկ, այ տոտալիտար երկրներում, օրինակ՝ Հյուսիսային Կորեայում, անընդհատ հնչեցնում են նման լուրեր, բայց իրականում ոչ թե երկիրը փրկելու համար, այլ՝ իշխանության վերարտադրման»,- նշեց գրողը՝ ավելացնելով, որ քաղաքական կուսակցությունը այնպիսին է, ինչպիսին կա, իսկ դրանց քաղաքական անունները պարզապես շղարշ են։ «Հիշեք, որ Հիտլերի ղեկավարած կուսակցությունը ազգային-սոցիալիստական էր, բայց իրականում այն դարձավ պատմության մեջ ամենաբռնապետական կուսակցություններից մեկը»,- եզրափակեց ռուս գրողը:



























