«Արայ» ընկերության սեփականատեր`հոկտեմբերի 16-ին «ինքնասպանություն» գործած Արմեն Պետրոսյանի կինը, ով գտնվում է Դուբայում, մահմեդական տոներից հետո, ամենայն հավանականությամբ, կգա Հայաստան իրենց միակ դստերը տանելու նպատակով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ հեռախոսազրույցում ասաց` Արմեն Պետրոսյանի կինը` Տատյանա Չադենկովան: «Դեռեւս հստակ չեմ կարող ասել, թե երբ կգամ, քանի որ փաստաթղթերի հետ կապված որոշակի խնդիրներ են առաջացել: Արաբական միացյալ էմիրությունները մահմեդական երկիր է` մեկ տոներ են, մեկ հանգստյան օրեր եւ հետաձգվում է որոշ փաստաթղթերի հետ կապված գործերը: Բացի այդ, Արմենի մահվան հանգամանքը, շատ ծանր եմ տանում հաճախակի եմ հիվանդանում»,- պարզաբանեց Տատյանա Չադենկովան: Նա միաժամանակ նկատեց, որ իր եւ Արմենի կյանքից որոշ մանրամասներ հրապարկելուց հետո, թեեւ նրա հարազատների կողմից իր հասցեին սպառնալիքներ չեն հնչել, բայց միջնորդների միջոցով իրենց դժգոհությունն են արտահայտել:
«Նրանք չեն սիրում, երբ իրենց մասին ճշմարտություն են ասում: Նրանք շատ սիրում են ամեն ինչ թաքցնել, այն ինչ իրականում տեղի է ունենում: Բայց ես թաքցնելու ոչինչ չունեմ, քանի որ ավելորդ ոչինչ չեմ արել: Այնինչ` ինձանից իմ երեխային խլել են: Նրա հարազատները իմ մասին շատ վատ են խոսում: Միգուցե մտածում են, որ հավակնում եմ ինչ-որ բանի: Ես պարզապես իմ աղջկան եմ ցանկանում վերցնել եւ իմ սերն ու հոգատարությունը տալ նրան: Ես գիտեմ, որ լավ մայր եմ: Ես ուրիշ ոչ մի բանով չեմ ապրել, բացի իմ երեխային վերցնելու պայքարով: Բոլոր դատերը շահել եմ, իմ երեխային միշտ հիշում եմ, իրենով ապրում ու շնչում»,-ասաց նա:
Տատյանա Չադենկովայի խոսքով, իրեն տարիներ շարունակ ոչ միայն թույլ չեն տվել տեսակցել իր աղջկան, այլեւ սպառնալիքներ են հնչեցրել իր հասցեին: «Ես չեմ կարողացել մոտենալ իմ երեխային, քանի որ նրան զինված թիկնազոր է ուղեկցում, նույնիսկ մանկապարտեզ տանելուց: Նախկինում Արմենի ընկերներից էլ էին սպառնալիքներ հնչել, որ եթե գաս Հայաստան քեզ այլեւս չեն գտնի եւ վերջ: Դրա արդյունքում, ունենալով իմ երեխայի հետ տեսակցելու իրավունքը, ես ֆիզիկապես չէի կարողանում դա անել, քանի որ բոլորը գիտեն Արմենի հնարավորությունները»,- հիշեց Արմեն Պետրոսյանի կինը:
Հարցին, թե նման պայմաններում չի՞ վախենում գալ Հայաստան աղջկա հետեւից, նա պատասխանեց. «Ես չեմ մտածում, որ ինչ -որ մեկը կհամարձակվի նման հիմարությունների, անօրինական քայլերի գնալ, քանի որ դրանք հիմա ուժի մեջ չեն: Օրենքը մնում է օրենք»:
Ավելի վաղ նոյեմբերի 25-ին Տատյանան NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմել էր, որ Արմենի հետ ծանոթացել է 2004թ-ին Դուբայում եւ մեկ տարի անց ամուսնացանք: Աղջիկը` Կարինան ծնվեց 2006թ-ի հուլիսի 25-ին: Իսկ ընտանիքում խնդիրները ծագել են այն բանից հետո, երբ, ըստ Տատյանայի, Արմենն սկսել է ծեծել իրեն, հաճախ ալկոհոլ օգտագործել, ինչպես նաեւ նոր կանայք են սկսել հայտնվել նրա կյանքում: Իսկ 2010թ. Նոր տարվա նախօրեին, երբ հերթական անգամ հարաբերությունները հարթելու նպատակով Տատյանան եկել է Հայաստան այդ ժամանակ, ատրճանակի սպառնալիքի ներքո, իրեն հասցրել են օդանավակայան եւ ստիպել հեռանալ Հայաստանից:
Հիշեցենք, որ ոստիկանության Կոտայքի բաժնում հոկտեմբերի 16-ին, ժամը` 13:15-ի սահմաններում, անհայտ քաղաքացուց ահազանգ էր ստացվել, որ Սեւան-Երեւան մայրուղուց դեպի Գետամեջ գյուղ տանող հողածածկ ճանապարհին կայանված է «BMW X-5» մակնիշի ավտոմեքենա, որի մեջ դիակ կա: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է «BMW X-5»-ը, որի վարորդի նստելատեղին հայտնաբերվել է 31-ամյա Արմեն Պետրոսյանի դիակը` քունքի մասում հրազենային վնասվածքի հետքով, աջ ձեռքին` մատը ձգանին եղել է «ՏՏ» տիպի ատրճանակ` պահունակում 6 փամփուշտով: Փաստի առթիվ Կոտայքի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ 110 հոդվածի 1-ին մասի (սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը) եւ 235 1-ին մասի (ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից եւ դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով: Մամուլում տեղեկություններ հայտնվեցին, որ տեղի ունեցածում, հնարավոր է, առնչություն ունի Արմեն Պետրոսյանի կինը: Ոստիկանությունից էլ NEWS.am-ին հայտնեցին, որ իրենք չեն կարող հարցաքննել կնոջը, քանի որ նա ՀՀ քաղաքացի չէ եւ Հայաստանում չէ:
Պատրաստեց Տաթեւ Մեսրոպյանը




























