ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը չպետք է դառնա հայ-թուրքական մերձեցման գերին: Այդ մասին հայտարարել է Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին՝ հանրապետական սենատոր, ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու Ջոն Մաքքեյնին հղած նամակում:
Ինչպես նշված է կազմակերպության կայքում տեղադրված նամակում, Ամերիկայի հայկական համագումարը ողջունում է Օսմանյան կայսրությունում 1915թ. տեղի ուենցած Հայոց ցեղասպանության եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում Ջոն Մաքքեյնի դիրքորոշումը:
Հիշեցնենք, որ Մաքքեյնը վերջերս արած հայտարարության մեջ նշել էր, թե հավատում է Հայոց ցեղասպանության փաստին եւ իր աջակցությունն է հայտնել հայ-թուրքական մերձեցման գործընթացին:
Ինչպես նկատել է Արդունին, ԱՀՀ-ն բազմիցս նշել է իր աջակցությունը հայ-թուրքական առանց նախապայմանների մերձեցմանը: Նա նաեւ համոզմունք է հայտնել, որ անհրաժեշտ է ակտիվացնել ԱՄՆ-ի ջանքերը Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ:




























