Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը դեկտեմբերի 11-ին նամակ է հղել Բունդեսթագի նախագահ Բարբել Բասին՝ խնդրելով իր կառավարությանը վստահության քվե տրամադրել խորհրդարանում։ Սպասվում է, որ Բունդեսթագն այս հարցի շուրջ կքվեարկի երկուշաբթի՝ դեկտեմբերի 16-ին, գերմանական Deutsche Welle պարբերականը: 

Քանի որ ներկայիս կառավարությունը կորցրել է Բունդեսթագի մեծամասնության աջակցությունը, Գերմանիայի խորհրդարանը, ամենայն հավանականությամբ, կհրաժարվի կաբինետին վստահել։ Եթե ​​դա տեղի ունենա, Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին կանցլերը պետք է առաջարկի ցրել խորհրդարանը։

Եթե ​​նախագահը համարի, որ այլևս չկա կայուն կառավարություն ստեղծելու հնարավորություն, նա կարող է ցրել Բունդեսթագը կանցլերին անվստահություն հայտնելուց անմիջապես հետո։ Տեսականորեն նման քայլի գնալու համար Գերմանիայի նախագահն իր տրամադրության տակ ունի 21 օր։

Գերմանիայում փետրվարի 23-ին սպասվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Այնուհետև 60 օրվա ընթացքում պետք է տեղի ունենան նոր խորհրդարանական ընտրություններ։ Կուսակցությունների խմբակցությունների առաջնորդները, որոնք նախկինում մաս էին կազմում իշխող կոալիցիայի և գլխավոր ընդդիմադիր ուժի՝ պահպանողական դաշինքի ՔԴՄ/ՔՍՄ-ի, պայմանավորվել են դրանք անցկացնել փետրվարի 23-ին։

Գերմանիայի պատմության ընթացքում կանցլերները Բունդեսթագից հինգ անգամ վստահության քվե են խնդրել։ Վերջին անգամ դա տեղի է ունեցել 2005 թվականին Գերհարդ Շրյոդերի կառավարման օրոք։