«Հայաստանը փոքր երկիր է, հետեւաբար մենք սահմանափակումների մեջ ենք»,- ահա այսպիսի պատասխան տվեց Էկոնոմիկայի փոխնախարար Մուշեղ Թումասյանը NEWS.am-ի հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված, որ Հայաստանի արտահանման 80 տոկոսը ապահովում են ընդամենը 15 անուն ապրանքատեսակներ:
Մ. Թումասյանը նշեց. «Եթե դրան ավելացնենք, նաեւ, որ սահմանափակումներ ունենք երկրից դուրս գալու, ինչպես նաեւ երկրի ներսում գործող գործարար միջավայրի հետ կապված, պարզ է որ նոր աշխարհում, որտեղ պետք է արտադրել մրցունակ ապրանքներ, ըստ էության մենք չենք հասել այնպիսի զարգացման աստիճանի, որ ունենանք բավարար չափով բազմազան կամ դիվերսիֆիկացված ապրանքներ»:
Մեր մյուս հարցին, թե արդյո՞ք կարելի համարել, որ դա ունի օբյեկտիվ պատճառներ, թե այնուամենայնիվ, խնդիրը երկրի տնտեսության ոչ ճիշտ կառուցվածքն է եւ մրցակցության բացակայությունը, էկոնոմիկայի փոխնախարարը պատասխանեց. «Իրականությունը միշտ էլ օբյեկտիվ է, խնդիրն այն է, թե ինչպես փոխել այդ իրականությունը: Իսկ փոխել, նշանակում է աջակցել, որպեսզի տեղի ունենա բազմազանության ընդլայնում, նոր ձեռնարկություններ ստեղծվեն, ձեռնարկությունների կազմակերպման նոր ոճ եւ խթանել դրանց ընդլայնումը դեպի եվրոպական շուկաներ»:



























