Հայաստանում Էստոնիայի դեսպան Տոմաս Լուկան (նստավայրը Թբիլիսի) Էստոնիայի ԱԳՆ-ի բլոգում Հայաստանի մասին «Յո՞ երթաս, Հայաստան» վերնագրով հոդված է տեղադրել։ NEWS.am-ը հրապարակում է հոդվածի ամբողջական տեքստը։

"Հայաստանի պատմություն իր արմատներով շատ խորն է, ինչպես «Յո՞ երթաս» հարցը, որ մեզ տանում է վաղ քրիստոնեության ժամանակաշրջան, երբ իշխում էր Ներոն կայսրը։ Ժամանակակից Հայաստանի մայրաքաղաք Երեւանը հիմնվել է մ.թ.ա. 782թ.։ Հայկական առաքելական եկեղեցու եւ այբուբենի տարիքը հաշվվում է մ.թ. չորրորդ դարից։

Հայաստանում տաք ամառ եւ ցուրտ ձմեռներ են լինում։ Չնայած նրան, որ Հայաստանը շուրջ երեք անգամ փոքր է Էստոնիայից, մեկ օրվա ընթացքում հնարավոր չէ անցնել նրա ողջ տարածքով. լեռնային ճանապարհները թելադրում են իրենց տեմպը։ Իսկ բնակչության թիվը երեք անգամ փոքր է արտերկրում ապրող հայկական համայնքի թվից։

Հայաստանից Էստոնիա նորություններ հաճախ չեն հասնում. դրա պատճառն այն է, որ 90-ականներից մեր ճանապարհները բաժանվել են։ Մեզ այժմ քիչ բան է կապում։ Սակայն վերջին տարվա ընթացքում իմ այցերն այդ երկիր հաստատում են հայերի՝ Էստոնիայի հանդեպ հետաքրքրությունը։

Միեւնույն ժամանակ, Էստոնիան մեծ տեղ ունի Հայաստանի պատմության մեջ։ Օրինակ՝ հայ նոր գրականության հիմնադիր Խաչատուր Աբովյանը, ում 200-ամյակը նշում են այս տարի, 1830-1836թթ. ապրել է Տարտուում եւ սովորել է Տարտուի համալսարանում։ Հայերը լավ են հիշում կյանքի վերջին տարիները Փարիզում ապրած Հեդվիգ Բյուլլին, ով 20-րդ դարասկզբի պատմական իրադարձությունների ժամանակ օգնել է հայ երեխաներին եւ ստացել «Բյուլլ մայրիկ» անունը։

Վերջին ժամանակներս մեր երկրների միջեւ փոխայցելություններն ավելի հաճախակի են դարձել։ Էստոնացիները տեղյակ են, որ Հայաստանը խնդիրներ ունի իր հարեւանների՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, գիտեն, որ նա ԱՊՀ-ի կազմում է, տեղյակ են ղարաբաղյան խնդրին։

Այսօր Հայաստանը մասնակցում է ԵՄ եւ ՆԱՏՕ-ի մի շարք նախագծերի։ Երկկողմ հարաբերությունների մակարդակով Էստոնիան Հայաստանին աջակցում է կրթական ծրագրերով։ Հնարավոր է՝ այս տարի Էստոնիայի օգնությամբ Հայաստանում իր դռները բացի դիվանագետների Հայկական դպրոցը։

Այսօր ներքաղաքական վիճակը Հայաստանում բարդ է։ Ընդդիամությունը վիճարկում է 2008թ. տեղի ունեցած նախագահական ընտրությունների լեգիտիմությունը։ Ընդդիմության՝ ընտրությունների արդյունքները բողոքարկող գործողությունները հանգեցրին 2008թ. մարտյան ողբերգություններին, երբ իշխանությունները ուժով ցրեցին ցուցարարներին։ Արդյունքում՝ տասնյակ զոհեր, քաղբանտարկյալներ եւ ժողովրդավարության ճգնաժամ։ Այս իրադարձությունները շոկ դարձան հայ հասարակության համար։

Ներքաղաքական իրավիճակը սրում է տնտեսական անկումը։ Ըստ կանխատեսումների՝ տնտեսական անկումն այս տարի, տարբեր հաշվարկներով, կկազմի 18 տոկոս։ Ներդումները երկրի տնտեսության մեջ կտրուկ նվազել են։ Անցած տարի ռուս-վրացական պատերազմի հետեւանքով Հայաստանը մինչեւ 850 մլրդ դոլար կորցրեց, քանի որ հայկական տարանցիկ բեռների 70 տոկոսն անցնում է Վրաստանի տարածքով։

Իմ անձնական փորձն ասում է, որ Հայաստանը հիանալի երկիր է՝ հյուրասեր ժողովրդով եւ համեղ խոհանոցով, հարուստ մշակույթով եւ պատմությամբ։ Երբ Հայաստան ես գնում որպես հյուր՝ շատ խնդիրներ աննկատ են մնում ՝ մարդիկ ապրում են սովորական կյանքով եւ զբաղվում են ամենօրյա գործերով։ Հայաստանում կա փոքրիկ էստոնական համայնք, Երեւանի մի քանի փողոցներ անվանակոչված են ի պատիվ էստոնական քաղաքների։

Այսօր Հայաստանը փորձում է ակտիվություն ցուցաբերել խնդիրների լուծման ուղղությամբ, որպեսզի շրջի իր պատմության էջը եւ առաջ գնալ։ Հաճախ խոսքն անգամ քաղաքական կամքի բացակայության մասին չէ, այլ նրա, որ վստահության հասնելու համար ժամանակ է պետք։