Հայաստանի կառավարությունը դեռեւս այս տարվա հունիսին որոշում էր կայացրել ապամոնտաժել Երեւանի Արաբկիր-Քանաքեռ հատվածում գտնվող 4475 մետր երկաթգիծը, որը պատկանում է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությանը: Դրա փոխարեն պետք է կառուցվի 2.5 կմ ավտոմոբիլային ճանապարհ, որը Կ. Ուլնեցիի փողոցը կկապի Ռուբինյանց փողոցին:

Սրա հետ կապված Հայաստանի խոշորագույն շինարարարական ընկերություններից մեկը` «Դորոժնիկը», հետաքրքիր ներդրումային հայտ է ներկայացրել: Ընկերությունը ամբողջությամբ իր վրա է վերցնում ճանապարհի շինարարությունը, սակայն պայմանով, որ դրա հարակից 1.4 հա տարածք պետք է տրվի իրեն` բնակելի թաղամասի շինարարության նպատակով:

Ըստ «Երեւաննախագիծ»-ի նախնական հաշվարկների` ճանապարհի շինարարությունը կարժենա 850 մլն դրամ, իսկ պահանջվող հողամասի կադաստրային ընդհանուր արժեքը 450 մլն դրամ է: Այսինքն` կառավարությունը կարծես թե շահում է: Հավանաբար այդ պատճառով Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը այս ներդրումային ծրագրին հավանություն տվող որոշման նախագիծ է ներկայացրել կառավարության դեկտեմբերի 15-ի նիստի հաստատմանը:

Իսկ ընկերության համար որոշակի ռիսկեր, այնուամենայնիվ, առաջանում են: Ըստ ընկերության նախնական հաշվարկների` տարածքում կարող է տեղակայվել 15-ից 20 հատ  2-3 հարկանի առանձնատներ, ինչպես նաեւ դրանց սպասարկման համար անհրաժեշտ 5-7 միավոր հասարակական նշանակության շինություններ: Այս ամենի արդյունքում, 2-3 տարվա ընթացքում, քաղաքը կունենա մոտ 4000 քմ հավելյալ բնակելի տարածք: Դրանց շինարարության արժեքը, ըստ մոտավոր հաշվարկների, կկազմի շուրջ 1 մլրդ դրամ:

Ամենապարզ հաշվարկը ցույց է տալիս, որ «Դորոժնիկը» պետք է նորակառույց առանձնատները վաճառի նվազագույնը 1 քառ. մետրը 1000 դոլարով, որպեսզի կարողանա շահույթ ապահովել: Սակայն արդյո՞ք մինչ այդ էլիտար տների գները չեն նվազի, հաշվի առնելով ներկայիս միտումները:

Նշենք, որ «Դորոժնիկի» միակ սեփականատերը Արարատ Հովհաննիսյանն է, նրա անունը առայժմ չի կապվում որեւէ օլիգարխիական կլանի հետ: