Ծանրամարտի կանանց Հայաստանի հավաքականի առաջատարներ Հռիփսիմե Խուրշուդյանի ձեռքի վիրահատությունն ու Մելինե Դալուզյանի ծնկի «մաքրումը» հաջողությամբ կատարվել են Մոսկվայի Վնասվածքաբանության եվրոպական կենտրոնում: Այդ մասին այսօր, դեկտեմբերի 15-ին կայացած մամուլի ասուլիսում հայտնեց Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը:

Կանանց Հայաստանի հավաքականի առաջատարներն արդեն վաղը կվերադառնան Երեւան, իսկ մարզումները կսկսեն հունվարի 20-ից:

Հիշեցնենք, որ մրցաշրջան-2011-ի արդյունքում, կանանց Հայաստանի հավաքականը նվաճել է Լոնդոնի Օլիմպիական խաղերի երկու ուղեգիր, որոնք անհատական չեն: Սամվել Խաչատրյանը հայտնեց, որ մինչեւ Օլիմպիական խաղերը հավաքականի առաջին համարներն ապրիլին կայանալիք Եվրոպայի առաջնությանը չեն մասնակցի: