Hyundai-ն ներկայացրել է էլեկտրական Creta-ն։ Ռուսաստանցիների կողմից սիրված Creta-ն իր հնդկական մարմնավորմամբ թարմացվել է մեկ տարի առաջ: Այժմ ի հայտ է եկել վաղուց հայտարարված Creta Electric-ի էլեկտրական տարբերակը, որը կմրցակցի Mahindra-ի և Suzuki-ի էլեկտրական մեքենաների հետ, հայտնում է motor.ru-ն։ Առայժմ քիչ մանրամասներ կան, սակայն հայտնի է, որ նոր արտադրանքն ունի միայն մեկ էլեկտրական շարժիչ և ընտրության համար մեկ զույգ մարտկոց, որոնք մինչև 473 կիլոմետր ընթացք են ապահովում՝ առանց վերալիցքավորման:

Էլեկտրական Hyundai Creta-ն կարելի է ճանաչել առջևում խցափակիչ ունեցող թափարգելով: Այստեղ չկա  «պիքսելային» օպտիկա, որով Hyundai-ն օժտում է նոր էլեկտրական մեքենաները. առջևի և հետևի սև պանելները ծածկված են մանր քառակուսիներով: Առջևի թափարգելն ունի ակտիվ սահափականներ, իսկ հետևի մասում տեսանելի են այլ անդրադարձիչներ: Անվասկավառակները նույնպես յուրահատուկ են․ դրանց չափը 17 մատնաչափ է: CCS Type 2 լիցքավորման անցքը գտնվում է առջևում՝  կենտրոնական մասում՝ Hyundai-ի անվանատախտակի տակ:

Ներքին հարդարանքը նման է բենզինային ամենագնացին, սակայն փոխանցման տուփի ընտրիչը տեղափոխվել է ղեկի սյան վրա: Ղեկը փոխառված է Hyundai Kona-ից, իսկ վահանակի գրաֆիկան, ըստ երևույթին, նախատեսված է հատուկ «կանաչ» Creta-ի համար: 

Ինչ վերաբերում է «տեխնիկային», ապա նոր արտադրանքն ունի միայն մեկ անհայտ հզորության շարժիչ: Բայց կա երկու մարտկոց՝ 42 և 51,4 կվտ/ժամ։ Դրանք պետք է ապահովեն համապատասխանաբար 390 և 473 կիլոմետր ճանապարհ՝ ըստ հնդկական չափումների ցիկլի։ Զրոյից մինչև 100 կմ/ժ արագացում հավաքելու նվազագույն ժամանակը 7,9 վայրկյան է։

DC սարքով Creta Electric-ը գրեթե մեկ ժամում լիցքավորվելու է 10-ից 80 տոկոս: Նման լիցքավորման հզորությունը 60 կիլովատ է։

Քրոսովերը կներկայացվի հունվարի 17-ին Դելիում կայանալիք Bharat Mobility Global Expo ցուցահանդեսում։ Ակնկալվում է, որ Hyundai-ն այդ ժամանակ նոր մանրամասներ կհայտնի վաճառքի մեկնարկի ամսաթվի և արժեքի մասին: