Լեհաստանը պատրաստ է մեծացնելու էլեկտրաէներգիայի մատակարարումները Ուկրաինային, եթե Կիևի իշխանությունները նման խնդրանքով դիմեն Վարշավային։ Այս մասին TVP Info-ի եթերում ասել է Լեհաստանի կլիմայի և շրջակա միջավայրի նախարար Պաուլինա Հենիգ-Կլոսկան։

«Լեհաստանը կկարողանա մեծացնել էլեկտրաէներգիայի վաճառքը Ուկրաինային, բայց պայմանով, որ Ուկրաինան ինքը նման ցանկություն հայտնի»,- ասել է Հենիգ-Կլոսկան։ «Մեր օպերատորը պատրաստ է, հարցն այն է, թե արդյոք Ուկրաինան ցանկանում է օգտագործել այն»,- հավելել է նա։

Լեհաստանը էլեկտրաէներգիայի առևտուր է անում Ուկրաինայի հետ Ժեշուվ-Խմելնիցկի ԱԷԿ գծով։ Լեհ փորձագետ Մարչին Յակուբիկի խոսքով՝ 2024թ․ Հունգարիան դարձել է ԵՄ-ի էլեկտրաէներգիայի ամենամեծ արտահանողը Ուկրաինա. Բուդապեշտին բաժին է ընկնում եվրոպական երկրների կողմից այնտեղ մատակարարվող էլեկտրաէներգիայի ընդհանուր ծավալի 35-45%-ը: Լեհաստանի մասնաբաժինը տատանվում է 15%-ից մինչև 25%, մոտավորապես նույն ծավալներով մատակարարել է Կիևին նաև Սլովակիան: