ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նախատեսում է ավելացնել զենքի մատակարարումների տեմպը Թայվան։ Այս մասին տեղեկացրել է ԱՄՆ 47-րդ նախագահի ազգային անվտանգության գծով ապագա օգնալան Մայք Ուոլթցը։
«Մենք նրանց հետ ունենք 20 մլրդ դոլարի չկատարված պայմանագրեր, նրանք արդեն վճարել են այդ միջոցները։ Եվ մենք պետք է քրտնաջան աշխատենք այդ [զենքերը] տրամադրելու համար, նրանց տանք այն, ինչի համար նրանք արդեն վճարել են՝ որպես [Չինաստանի] դեմ զսպող միջոց»,- ասել է նա՝ երեքշաբթի օրը մեկնաբանելով Թայվանի իրավիճակը Վաշինգտոնի Խաղաղության ինստիտուտում:
Միեւնույն ժամանակ, Ուոլթցը հաստատել է, որ Վաշինգտոնի հաջորդ վարչակազմը, որը աշխատանքը կսկսի հունվարի 20-ին, շարունակելու է Թայվանը «փշախոզի» վերածելու փորձերը։ Այս քաղաքականությունը նախատեսում է կղզին հագեցնել սպառազինության համակարգերով, որոնք զգալիորեն կմեծացնեն մայրցամաքային Չինաստանի հավանական կորուստները Թայվանի նեղուցում հիպոթետիկ հակամարտության դեպքում եւ կստիպեն Պեկինին հրաժարվել նման ծրագրերից։
Բացի այդ, ըստ Ուոլթցի, Թրամփը մտադիր է «շարունակել ամրապնդել» Վաշինգտոնի գործընկերությունն ու դաշինքները Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում: Այդ կապակցությամբ նա բարձր է գնահատել Ջո Բայդենի հեռացող ամերիկյան վարչակազմի ջանքերը, որոնք ուղղված են հարաբերությունների բարելավմանը ԱՄՆ-ի, Կորեայի Հանրապետության եւ Ճապոնիայի, ինչպես նաեւ ԱՄՆ-ի, Ֆիլիպինների եւ Ճապոնիայի միջեւ։ Նա Հնդկաստանի հետ Միացյալ Նահանգների հարաբերություններն անվանել է «կարեւոր գործընկերություն ապագայի համար»:





























