ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը եւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, ՀՀԿ-ական ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը համարյա ամեն օր շփվում են եւ որեւէ լարվածություն իրենց միջեւ չկա: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Ռուբեն Հայրապետյանը, անդրադառնալով ԲՀԿ-ՀՀԿ լարվածությանը:

Նա նաեւ պատասխանեց NEWS.am-ի մի քանի հարցերի:

Պարոն Հայրապետյան, վերջին շրջանում շատ է խոսվում ԲՀԿ-ի եւ ՀՀԿ-ի միջեւ ծագած լարվածության մասին, ինչի արդյունքում կասկածի տակ է դրվում կոալիցիոն հուշագիրը: Դուք ինքներդ  նման լարվածություն նկատո՞ւմ եք երկու կուսակցությունների միջեւ:

Ես չգիտեմ Դուք լարվածություն ասելով ի՞նչ եք հասկանում: Ես ՀՀԿ խորհրդի անդամ եմ, իսկ Գագիկ Ծառուկյանը` ԲՀԿ-ի նախագահը: Մենք իրար հետ ամեն օր համարյա շփվում ենք եւ, որեւէ լարվածություն մեր միջեւ չկա: Ես չգիտեմ, թե ով ինչ է խոսում: Առհասարակ էտ խոսակցությունները պետք չէ լսել: Երբ երկու կուսակցությունների ղեկավարներից կլսեք, նոր լուրջ համարեք: Թե չէ ցանկացած շարքային կուսակցական կարող է ենթադրություններ անել կամ իր անձնական կարծիքը ասել: Հետեւաբար, երբ երկու կուսակցությունների ղեկավարների շուրթերից լսեք այդ մասին, այդ դեպքում կհարցնեք: Ես նման բան չեմ տեսնում:

Այդ դեպքում, ինչպե՞ս կմեկնաբնեք այն հանգամանքը, որ վերջին շրջանում շատ են ձերբակալվում ԲՀԿ-ականներ:

Երեք օր առաջ էլ ՀՀԿ-ական անդամ է թմրանյութ պահելու համար ձերբակալվել:

Եթե խոսքը Մանվել Գրիգորյանի մերձավոր Նորայր Միրզախանյանի մասին է, ապա քաղաքապետարանից մեզ փոխանցեցին, որ նա կուսակցական չէ:

Ոչ խոսքս նրա մասին չէ:

Իսկ ի՞նչ եք կարծում խորհրդարնական ընտրություններին ավելի ճիշտ է կոալիցիոն ուժերը միասնական ցուցակո՞վ մասնակցեն, թե` առանձին-առանձին:

Գիտեք, ես չեմ կարող այդ հարցին պատասխանել եւ ասել, թե ինչ եմ կարծում: Իմ կուսակցության ղեկավարությունը ոնց կորոշի: Ինձ համար միեւնույնն է: Ես գտնվում եմ իմ կուսակցության շարքերում եւ իմ գործունեությունը ծավավելու եմ իմ կուսակցության համար: Կորոշեն միասին գնալ` ես կանեմ իմ աշխատանքը այդ ուղղությամբ, իսկ եթե առանձին` միանշանակ մենք կանենք մեր կուսակցական աշխատանքն առանձին: