NASA արբանյակները լուսանկարել են ուրվական կղզի Ադրբեջանի կողքին։ Այս մասին հայտնել է Sciencealert պարբերականը։

Գիտնականները կղզու հայտնվելը կապում են Կասպից ծովում գտնվող ցեխահրաբխի ժայթքման հետ։

«Ժամանակավոր ցամաքային զանգվածը առաջին անգամ փաստագրվել է 1861թ. մայիսին: Սակայն հաջորդ տարի այն անհետացել է»,- նշվել է հոդվածում։

Պարբերականի տվյալներով՝ 20-րդ դարի ընթացքում կղզին ջրի երես է դուրս եկել եւ անհետացել մոտ վեց անգամ։ Կղզու վերջին տեսքը գրանցվել է 2023թ. հունվարին, սակայն արբանյակային վերջին լուսանկարներում երեւում է միայն ցամաքի մի նեղ շերտ:

Մինչ այդ տեղեկացվել էր, որ NASA Landsat 8 եւ Landsat 9 արբանյակները ֆիքսել են փոքրիկ կղզու հայտնվելն ու անհետանալը: Ըստ հետազոտողների՝ նրա ամենահզոր ժայթքումը տեղի է ունեցել 1950թ.՝ ստեղծելով 700 մետր լայնությամբ եւ վեց մետր բարձրությամբ կղզի:

Գիտնականները նշել են, որ ցեխի հրաբուխները ձեւավորվում են այն վայրերում, որտեղ ստորգետնյա ճնշումը մակերեւույթ է մղում տաք հեղուկների զանգվածներ եւ գազեր: