Հարավային Կորեայում ծնելիության մակարդակը 2024 թվականին կաճի 9 տարվա ընթացքում առաջին անգամ՝ շնորհիվ կորոնավիրուսի համավարակի պատճառով հետաձգված ամուսնությունների վերսկսման։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

Երկրում գրանցվել է աշխարհում ամենացածր ծնելիության մակարդակը, սակայն 2024թ. հունվարից մինչև նոյեմբեր նորածինների թիվն աճել է 3%-ով՝ նախորդ տարվա համեմատ և կազմել է 220,094՝ ըստ կառավարության ամսական տվյալների։

2023-ին նորածինների թիվը նվազել էր 7.7%-ով՝ շարունակելով անկումն ութերորդ տարին անընդմեջ, ինչի արդյունքում տարեկան ծնելիության գործակիցը կազմել էր 0.72՝ աշխարհում ամենացածրը։

Աճը պայմանավորված էր 2023-ին ամուսնությունների թվի աճով, ինչը վերջին 12 տարում առաջին աճն էր՝ համավարակի ընթացքում զույգերի կողմից հարսանիքների հետաձգումից հետո։

Հարավային Կորեայում նկատվում է բարձր կորելյացիա ամուսնությունների և երեխաների ծննդյան միջև՝ մեկ-երկու տարվա ժամանակային հետաձգմամբ, քանի որ ամուսնությունը հաճախ դիտվում է որպես երեխա ունենալու նախապայման։

Անցյալ տարի անցկացված կառավարական հարցման արդյունքներով՝ հարավկորեացիների 62.8%-ը դեմ է արտահայտվել ամուսնությունից դուրս երեխա ունենալուն, թեև այս ցուցանիշը նվազել է տասը տարի առաջվա 77.5%-ից։