Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ 2011 թվականին աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններում առավել բարձր ցուցանիշների հասած հանրապետության 106 մարզիկներին, նրանց մարզիչներին (անձնական մարզիչներ, հավաքականի ավագ մարզիչներ, երկրորդ մարզիչներ), բժիշկներին ու մարզական կազմակերպություններին շնորհվել են դրամական մրցանակներ:

Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարգեւատրվող մարզիների թվում են` ծանրամարտիկ Եվրոպայի առաջնության երկրորդ մրցանակակիր Արայիկ Միրզոյանը, կանանց ծանրամարտի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանը, հունա-հռոմեական ոճի ըմբշամարտիկներ` աշխարհի չեմպիոն Ռոման Ամոյանը, աշխարհի առաջնության երրորդ մրցանակակիր` Արսեն Ջուլֆալակյանը, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Յուրի Պատրիկեեւը, աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոններ` Նարեկ Խաչատրյանը եւ Ռաֆիկ Մանուկյանը, սպորտային մարմնամարզության Եվրոպայի մեծահասակների առաջնության երրորդ մրցանակակիր Հարություն Մերդինյանը:

Դրամական մրցանակների արժանացածների թվում են նաեւ` շախմատի աշխարհի թիմային առաջնության չեմպիոնի կոչումը նվաճած Հայաստանի հավաքականի անդամները` Լեւոն Արոնյանը, Սերգեյ Մովսիսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Գաբրիել Սարգսյանը, շախմատի աշխարհի մինչեւ 18 տարեկանների չեմպիոն Սամվել Տեր-Սահակյանը եւ այլ մարզաձեւեր ներկայացնող մարզիկներ, ովքեր այս տարի Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններում բարձր են պահել Հայաստանի մարզական պատիվը: