Թաիլանդի իշխանությունները շաբաթ օրվանից Բանգկոկում մեկ շաբաթով անվճար են դարձրել հանրային տրանսպորտը։ Դա օդի աճող աղտոտվածության դեմ պայքարի վերջին մարտավարությունն է, որն արդեն ստիպել է հարյուրավոր դպրոցներ փակել, իսկ աշխատակիցներին՝ աշխատել տնից, տեղեկացրել է Associated Press-ը:

Երթեւեկության արտոնությունը ուղեւորներին հնարավորություն է տալիս անվճար երթեւեկել մայրաքաղաքում ավտոբուսներով, վերգետնյա եւ ստորգետնյա էլեկտրագնացքներով։ Իշխանությունները հույս ունեն, որ այս քայլը կնվազեցնի մասնավոր մեքենաների թիվը ճանապարհներին՝ նվազեցնելով աղտոտվածության աճ առաջացնող հիմնական գործոններից մեկը:

Ուրբաթ Թաիլանդի վարչապետ Պաետոնգտարն Շինավաթրան մտահոգություն է հայտնել այս հարցի վերաբերյալ։ Նա ասել է, որ իր կառավարությունը հավատարիմ է խնդրի լուծմանը կարճաժամկետ եւ երկարաժամկետ միջոցներով:

Օդի աղտոտվածությունը երկար տարիներ խնդիր է Հյուսիսային Թաիլանդում, որի հիմնական գործոնն անտառների եւ գյուղատնտեսական թափոնների այրումն է: Վերջին տարիներին Բանգկոկը տառապում է աղտոտիչների բարձր մակարդակից, հատկապես ցուրտ ամիսներին:

Դրանում մեղավոր են, մասնավորապես, մեքենաների եւ գործարանների արտանետումները, ինչպես նաեւ շինհրապարակների փոշին:

Շաբաթ օրը շվեյցարական IQAir առեւտրային մոնիթորինգի ծառայությունը Բանգկոկն անվանել է աշխարհի 14-րդ ամենաաղտոտված քաղաքը, որտեղ օդի որակը մոտ է անառողջին բոլորի համար: