Գերմանացի ավիատիեզերական ինժեները տոնել է համաշխարհային ռեկորդի սահմանումը՝ Պանամայի ափերի մոտ 120 օր ստորջրյա պարկուճում մնալով, հայտնում է AFP-ն։
59-ամյա Ռուդիգեր Կոխը ուրբաթ օրը դուրս է եկել իր 30 քառակուսի մետր մակերեսով ստորջրյա կացարանից՝ Գինեսի ռեկորդների գրքի դատավոր Սյուզանա Ռեյեսի ներկայությամբ:
Վերջինս հաստատել է, որ Կոխը գերազանցել է ամերիկացի Ջոզեֆ Դիտուրիի նախկինում սահմանած ռեկորդը, որը 100 օր ապրել է Ֆլորիդայի ծովածոցում գտնվող ստորջրյա տնակում:
Այս իրադարձությունը տոնելու համար Կոխը շամպայն է խմել և սիգար ծխել, ապա նետվել Կարիբյան ծով, որտեղից նրան նավակը տեղափոխել է ցամաք՝ երեկույթի համար։
Կոխի պարկուճը կահավորված է եղել ժամանակակից կյանքի իրերով՝ մահճակալ, զուգարան, հեռուստացույց, համակարգիչ և ինտերնետ, նույնիսկ հեծանիվ վարժասարք: Գտնվելով Պանամայի հյուսիսային ափերից 15 րոպե նավակով անցնելու հեռավորության վրա, այն միացված էր վերջրյա մեկ այլ տարածքի հետ նեղ պարուրաձև սանդուղք ունեցող խողովակով, որով կարելի էր սնունդ իջեցնել, այն ծառայում էր նաև այցելուների, այդ թվում՝ բժշկի մուտքի համար:
Մակերևույթի վրա գտնվող արևային մարտկոցները ապահովում էին էլեկտրաէներգիա: Կար պահուստային գեներատոր, բայց ցնցուղ չկար: Կոխը AFP-ի լրագրողին, որն այցելել էր նրան նախագծի կեսին, ասել էր, որ հույս ունի, որ սա կփոխի մեր պատկերացումները մարդկային կյանքի և այն մասին, թե որտեղ կարող ենք հաստատվել, անգամ ընդմիշտ:





























