Mitsubishi Motors ընկերությունը չի դառնա նոր ավտոմոբիլային հոլդինգի երրորդ մասնակիցը, որը որոշել են ստեղծել Honda Motor-ը եւ Nissan Motor-ը։ Automotive News-ի տեղեկացմամբ՝ ընկերությունը դիտարկում էր այս հնարավորությունը, բայց, ի վերջո, որոշել է մնալ անկախ: Այս տեղեկատվության պաշտոնական հաստատումը դեռեւս չկա։

Մեկ ամիս առաջ ճապոնական երեք ավտոարտադրողներ փոխըմբռնման հուշագիր են ստորագրել նոր հոլդինգի ստեղծման վերաբերյալ, հայտնել է auto.ru-ն։ Միեւնույն ժամանակ, եթե Honda-ի եւ Nissan-ի առաջիկա միաձուլումն այն ժամանակ արդեն գրեթե լուծված խնդիր էր, Mitsubishi-ն ընդմիջում էր վերցրել մինչեւ հունվարի վերջ՝ գնահատելու համար իր մասնակցության հնարավորությունը, դաշինքում ներգրավվածության աստիճանը եւ շահավետությունը նման սիներգիայից:

Էլ ավելի վաղ՝ 2024թ. օգոստոսին, կնքվել էր եւս մեկ եռակողմ համաձայնագիր։ Այն ժամանակ միաձուլման մասին խոսք չկար, ընկերությունները պարզապես պայմանավորվել էին համատեղ մշակել էլեկտրական մեքենաներն ու խելացի տեխնոլոգիաները։ Միեւնույն ժամանակ, Honda-ն եւ Nissan-ը առանձին համաձայնագիր են ստորագրել իրենց ռազմավարական գործընկերությունը խորացնելու համար՝ այսպես կոչված ծրագրային ապահովմամբ սահմանված մեքենաների համար նոր հարթակ ստեղծելու նպատակով:

Եթե ​​անգամ Mitsubishi-ն չդառնա նոր հոլդինգի լիիրավ անդամ, այն այս կամ այն ​​կերպ կապված կլինի նրա հետ, քանի որ 24,05 տոկոսը պատկանում է Nissan-ին։ Ընկերությունը շարունակում է մնալ նրա ամենամեծ բաժնետերը նույնիսկ 10 տոկոսի հետգնումից հետո: Իր հերթին, Nissan-ի բաժնետոմսերի 35,71 տոկոսը պատկանում է Renault խմբին, որի մասնակցությաննը առաջիկա գործարքին դեմ է Honda-ն։ Միեւնույն ժամանակ, Renault-ը, որը վերջին մի քանի տարիներին ակտիվորեն ազատվում է իր երկարամյա գործընկերոջ արժեթղթերից, խոստացել է առայժմ չմիջամտել ճապոնական ընկերությունների միավորման գործընթացին եւ շարունակել արդեն նախագծերի իրականացումը Nissan-ի հետ միասին: Սպասվում է, որ Mitsubishi Motors-ը հոլդինգին իր մասնակցելու կամ չմասնակցելու մասին պաշտոնական հայտարարություն կանի փետրվարի 3-ին՝ ֆինանսական տարվա երրորդ եռամսյակի հաշվետվության ժամանակ։