Արդարադատության նախարարությունն անդրադարձել է ցմահ ազատազրկման դատապարտված եւ դեկտեմբերի 7-ից հացադուլի մեջ գտնվող Արթուր Մկրտչյանի պահման պայմանների մասին մամուլի հրապարակումներին:
Ըստ ԱՆ մամուլի ծառայության հաղորդագրության, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող դատապարտյալ Արթուր Մկրտչյանը հացադուլ հայտարարելու առաջին իսկ օրից գտնվում է բժիշկների հսկողության տակ:
«Հենց այդ հսկողությունը լիարժեք իրականացնելու նպատակով է, որ հացադուլ հայտարարած դատապարտյալը, սովորաբար, առանձնացվում է:
Հայտնում ենք նաեւ, որ օրենսդրությամբ որեւէ առանձնահատկություն սահմանված չէ հացադուլ հայտարարած դատապարտյալի համար, այլ կերպ ասած խուցը հատուկ ձեւով կահավորելու մասին որեւէ սահմանում չկա:
Ինչ վերաբերում է խցի կահավորանքին, ապա օրենսդրությամբ սովորական խցի եւ պատժախցի միջեւ տարբերությունը միայն այն է, որ պատժախցում պահվող դատապարտյալին գիշերային ժամերին է միայն անկողնային պարագաներ տրվում:
Ինչ խոսք, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ցմահ ազատազրկման դատարտվածների համար նախատեսված խցերը առավել բարվոք վիճակում են, քան մյուսներինը, սակայն դա է քրեակատարողական հիմնարկի օբյեկտիվ վիճակը, որում կարող է հայտնվել ցանկացած կալանավորված անձ կամ դատապարտյալ:
Ունենք այն, ինչ ունենք` խորհրդային տարիներից ստացած ժառանգություն:
Եվ հենց այս իրավիճակը վերացնելուն են ուղղված ենթակառուցվածքային այն բարեփոխումները, որոնք այս պահին էլ շարունակվում են իրականացվել, մասնավորապես խոսքը վերաբերում է Արմավիրում կառուցվող ժամանակակից պահանջներին բավարարող քրեակատարողական հիմնարկին»,-ասված է ԱՆ մամուլի ծառայության կողմից տարածված հաղորդագրության մեջ:
Նշենք, որ մի շարք լրատվամիջոցներ տեղեկություն էին տարածել, թե 1996 թ-ին մահապատժի, իսկ 2003 թ-ից ցմահ ազատազրկման դատապարտված Արթուր Մկրտչյանը պահվում է անմարդկային պայմաններում, իսկ խուցը խոնավ եւ գարշահոտ է:



























