ՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանություն է տրվել գիտական կադրերի ատեստավորման կարգում փոփոխության նախագծին:

Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար ժաննա Անդրեասյանը` նշելով, որ 2023 թվականի տարեվերջին հաստատված կարգում   առաջարկվող փոփոխությունները և լրամշակումները նպատակ ունեն հստակեցնել սահմանված մի շարք հասկացությունները և գիտական աշխատողների տարակարգերի համար նախատեսված արդյունքային ցուցանիշները` 2026 թվականին անցկացվելիք ատեստավորման ժամանակ հնարավոր տարընթերցումներից խուսափելու նկատառումով:

«Ատեստավորման կարգի ընդունումից հետո իրականացվել է գիտական համակարգում աշխատողների հրապարակումների վերլուծություն, որը ցույց է տվել՝ դրանում կան ձևակերպումներ, որոնք հնարավորություն են ստեղծում խուսափելու գիտական արդյունքի՝ հնարավորինս ավելի լայն միջազգայնացումից և որակյալ գրախոսությունից:

Առաջարկվող փոփոխությունը նպատակ ունի, մասնավորապես, հստակեցնել միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում ընդգրկված հրապարակումներին ներկայացվող պահանջները: Երկրորդ ուղղությունը վերաբերում է համարժեքությունների համակարգին, ըստ որի՝ գիտական հոդվածներն ամբողջությամբ չեն կարողանա փոխարինվել մենագրություններով, այսինքն՝ գիտական հոդվածի տպագրությունը որոշակի մասով կմնա պարտադիր:  Հստակեցվել են նաև աշխատաժամանակի ոչ լրիվ ծանրաբեռնվածությամբ աշխատողներին ներկայացվող պահանջները:

Միաժամանակ, առաջարկվում է հայագիտության և հումանիտար գիտությունների հրապարակումների համար, հաշվի առնելով տվյալ բնագավառների յուրահատկությունը, ինչպես նաև մինչև առաջիկա ատեստավորման համար սահմանված ժամկետը, տարակարգերի ցածր պաշտոնների համար ատեստավորման պահանջները վերաձևակերպել` 5 տարվա պահանջի երկու հինգերորդի չափով:

Իրականացվող գործընթացը հանդիսանում է գիտության ոլորտում ՀՀ կառավարության որդեգրած բարեփոխումների և ներդրումների ավելացման քաղաքականության, մասնավորապես՝ 2022 թվականից մեկնարկած աշխատավարձերի նորմավորման գործընթացի շարունակությունը»,- ասել  է Ժաննա Անդրեասյանը:

Նրա խոսքով` գիտության ոլորտում վարվող պետական քաղաքականության արդյունքում 2025 թվականի հունվարի 1-ից գիտական աշխատողների աշխատավարձերը նորմավորվել են՝ ըստ գործող ատեստավորման կարգի և սահմանված գործակիցների: Գիտնականների փաստացի աշխատավարձերը 2021 թվականի` բարեփոխումների մեկնարկի ժամանակահատվածի համեմատությամբ, առնվազն կրկնապատկվել են, իսկ որոշ պաշտոնների դեպքում նույնիսկ եռապատկվել և քառապատկվել են:

Նախարարը նշել է, որ 2026 թվականին գիտական համակարգում աշխատողների  նոր ատեստավորման գործընթաց է նախատեսվում` նոր պահանջներով, որից ելնելով՝ կվերանայվեն նաև գիտական կազմակերպությունների ֆինանսավորման ծավալները:

«Պետական քաղաքականությունն արդեն տալիս է իր արդյունքները. տարեցտարի ավելանում են Հայաստանի գիտնականների հրապարակումները միջազգային հեղինակավոր գիտական շտեմարաններում: Մասնավորապես՝ 2023 թվականի արդյունքներով (2024 թվականի արդյունքները դեռևս ամփոփվում են) պատմականորեն ամենամեծ թվով  գիտական հրապարակումներ են գրանցվել միջազգային հեղինակավոր պարբերականներում: Կարևոր է, որ հրապարակումների աճը տեղի է ունենում ոչ միայն բնագիտական, այլ նաև հասարակական և հումանիտար գիտությունների բնագավառում»,- ասել  է Ժաննա Անդրեասյանը:

Իր հերթին Նիկոլ Փաշինյանն ասաց. «Այս որոշումը այն մասին է, որ 2021 թվականին մեր ընդունած որոշումը և բարեփոխումների փաթեթը կատարյալ չի եղել: Ասում եմ՝ կատարյալ չի եղել, վերադառնալու համար այն թեմային, թե ինչու մենք բարեփոխումների փաթեթները չենք հասցնում կատարելության մակարդակի, որից հետո նոր սկսում դրանց իմպլիմենտացիոն գործընթացը։

Եթե մենք շարունակեինք աշխատել, ենթադրում եմ էլի մի քանի տարի դեռ կշարունակեինք աշխատել կատարելության հասնելու համար: Բայց ես շարունակում եմ մնալ իմ այն կարծիքին, որ մինչև որևէ բարեփոխում կյանքի հետ չի հանդիպում, ինքը չի արտահայտվում։ Բարեփոխմանը կյանք տալիս է ինքը կյանքը»,-ասաց Փաշինյանը եւ թվարկեց, թե ինչ են ստացել այդ ոչ կատարյալ որոշման արդյունքում.

«Գիտաշխատողների աշխատավարձեր. Լաբորանտ-ճարտարագետ, այդ բարեփոխումից առաջ աշխատավարձը եղել է 67 300 դրամ, 2025 թվականի հունվարի մեկից այսպես փուլ-փուլ աճելով դարձել է 138 300 դրամ, աճը 105% այսինքն աշխատավարձը կրկնապատկվել է:

Ավագ լաբարանտ-ավագ ճարտարագետ, 76,000 դրամից դարձել է 179,000 դրամ, աճը 135%: Կրտսեր գիտաշխատող 2021 թվականի դրությամբ աշխատավարձը եղել է 85,800 դրամ, 2025 թվականի, այսօր աշխատավարձը 210,000 դրամ է, աճը 145 տոկոս։

Գիտաշխատող, 2021 թվականին աշխատավարձը եղել է 90,400 դրամ, 2000 այս օր 276,000 դրամ, աճը 205%։

Ավագ գիտաշխատող, 99,000 դրամից հասել է 343,000 դրամի, աճը 246%:

Առաջատար գիտաշխատող, 114 300 դրամից հասել է 443 800 դրամ, աճը 288%, Գլխավոր գիտաշխատող՝ 138 100 դրամից հասել է 552 900 դրամի, աճը 300%:

Գիտական խմբի ղեկավար. Աշխատավարձը 129 100 դրամից հասել է 410 000 դրամի, աճը 217%:

Գիտական ստորաբաժանման ղեկավարի աշխատավարձը եղել է 141 400 դրամ, այսօր 447 200 դրամ, աճը 238%»:

Նիկոլ Փաշինյանը նաեւ հայտարարեց, որ ամենաշատը բարձրացել է գլխաբվոր գիտաշխատողի աշխատավարձը՝ 300 տոկոսով:

Նա նկատեց, որ նախորդ տարի մենք գիտական վարկանշավորված ամսագրերում պատմական ռեկորդ ենք ունեցել. «2021 թվի ատեստավորման պրոցեսում մենք այդքան էլ խիստ շեմեր չենք դրել: Հաջորդ փուլում, որը 2026 թվականին է լինելու, մի քիչ ավելի լավ, ավելի որակյալ ատեստավորում կանենք, ինչի արդյունքում եկամուտների, աշխատավարձերի աճի ձևով կշարունակենք»: