Թերթը գրում է, որ վերջին շրջանում նկատելի է, որ Հովիկ Արգամիչը չի մասնակցում այն միջոցառումներին, որոնց միաժամանակ ներկա են լինում Սերժ Սարգսյանը, վարչապետը, ինչպես նաեւ իր իրավահաջորդ Նիկոյանը: «Ի դեպ, ոմանք նրա հեռացումը համարում են վարչապետի երկարատեւ եւ հետեւողական աշխատանքի արդյունքը: Չի բացառվում, որ ԱԺ նախկին նախագահի Հովիկ Աբրահամյանի համար տարին բավականին «տպավորիչ» ավարտվի: Բանն այն է, որ Հովիկ Աբրահամյանի պաշտոնանկությունը որքան անսպասելի էր հասարակության ու նաեւ քաղաքական որոշ շրջանակների համար, նույնքան էլ իր համար, որը, բացի հոգեկան տրավմայից, խնդիրներ է առաջացրել նաեւ տեխնիկական առումով: ԱԺ-ին մոտ կանգնած մեր աղբյուրների փոխանցմամբ` Արգամիչը, նախապես չիմանալով իր անժամանակ հեռացման մասին, չի հասցրել, այսպես ասած,մաքրել իր հետքերը, այդպիսով միաժամանակ ինքնադրսեւորվելու հնարավորություն ընձեռելով ԱԺ նորաթուխ խոսնակ Սամվել Նիկոյանին: Վերջինս նշանակվելուց հետո ձեռքերը ծալած չի նստել, եւ ինչպես բնորոշ է նորաթուխ չինովնիկներին, սկսել է «քննել» Արգամիչի գործերը: Ինչպես փոխանցում են մեր աղբյուրները` նրան հաջողվել է խախտումներ եւ չարաշահումներ բացահայտել մի շարք գործերի առնչությամբ: Մեր աղբյուրի փոխանցմամբ` այն մոտ օրերս դրվելու է Սերժ Սարգսյանի սեղանին, ինչն էլ լուրջ ազդեցություն կունենա Արգամիչի հետագա կարիերայի վրա»,- գրում է «Հրապարակ»-ը: