Վայոց ձորի մարզի Եղեգիս գետի վրա ՀԷԿ կառուցելու համար ջրօգտագործման թույլտվություն ստացած «ԱլՌուբ»  եւ «ՎՏՎ էներջի» ընկերությունները չունեն ՀԷԿ կառուցելու իրավասություն, քանզի երկու ընկերություններն էլ չեն անցել բնապահպանական փորձաքննություն: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունից:

«Մանրամասների վերաբերյալ, հատկապես նույն տարածքում երկու ՀԷԿ կառուցելու թույլտվության հետ կապված,  ՀՀ բնապահպանության նախարարությունը առաջիկայում կտա մանրամասն պարզաբանում»,-ասված է նախարարության հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Վայոց Ձորի մարզում կոնֆլիկտ է առաջացել այն հարցի շուրջ, թե ո՞վ պետք է կառուցի փոքր ՀԷԿ Արփա գետի Էլեգիս վտակի վրա: «ԱլՌուբ» ընկերության տնօրեն Անի Աբրահամյանը մեղադրում է Վայոց Ձորի մարզպետ Սերգեյ Բագրատյանին եւ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին` ապօրինի կարգով նույն տեղում երկրորդ հէկ կառուցելու նախաձեռնությունների համար: Ա. Աբրահամյանը բաց նամակով դիմել է նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:

Նա նշել է, որ Էլեգիս վտակի վրա ՀԷԿ կառուցելու համար դեռեւս 2009 թ. վերջերին Շատինի գյուղապետարանի հետ կնքել է 50 տարվա սերվիտուտի պայմանագիր: Սակայն մեկ այլ ընկերություն` «ՎՏՎ էներջի» անվամբ, կարծես թե առաջ է ընկնում: Նույն վայրում ՀԷԿ կառուցելու նպատակով այդ ընկերությունը նույնպես սերվիտուտի պայմանագիր է կնքել գյուղապետարանի հետ, ու արդեն հասցրել է ստանալ բնապահպանության նախարարության դրական փորձագիտական եզրակացությունը:

Ներկայում «ԱլՌուբը» դատական կարգով վիճարկում է «ՎՏՎ էներջի»-ին տրված բնապահպանական փորձագիտական եզրակացության օրինականությունը: