Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ, այսօր` դեկտեմբերի 20-ին, տեղի է ունեցել Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի (FREDA) հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը:
Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ անցնելով օրակարգային հարցերի քննարկմանը` հիմնադրամի տնօրեն Տիգրան Խանիկյանը զեկուցել է FREDA-ի 2011 թ. տարեկան հաշվետվության, բյուջեի կատարողականի եւ տարեկան աշխատանքային ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման մասին: Նա անդրադարձել է ընթացիկ տարում իրականացված, ինչպես նաեւ վերջնական փուլում գտնվող եւ 2012 թ. ծրագրերին:
Նշելով, որ 2011 թ. հիմնադրամի ներդրումային պորտֆելի ընդհանուր ծավալը կազմել է 1.6 մլրդ ՀՀ դրամ, Տիգրան Խանիկյանը մանրամասներ է ներկայացրել կաթնամթերքի արտադրության, մրգերի եւ բանջարեղենի պահածոյացման, գինու արտադրության, թռչնաբուծության, ձկնաբուծության եւ վերամշակման ոլորտներում իրականացված ներդրումային ծրագրերի վերաբերյալ: Նա նաեւ տեղեկացրել է, որ մշակվել է ներդրումային ուղեցույց ագրոբիզնեսում գործող ընկերությունների համար, եւ ներկայումս հիմնադրամը քննարկում է նոր ներդրումային նախագծերի ֆինանսավորման հեռանկարները:
Հաշվետվության վերաբերյալ մտքերի փոխանակությունից հետո խորհուրդը հաստատել է այն: Վարչապետ Սարգսյանը հանձնարարել է հիմնադրամի տնօրենին բանակցություններ վարել պոտենցիալ ներդրողների հետ լրացուցիչ ֆինանսավորման աղբյուրներ հայթայթելու եւ գործունեության ծավալներն ընդլայնելու նպատակով:
Այնուհետեւ քննարկվել եւ հավանության են արժանացել նաեւ FREDA-ի 2012 թ. ամփոփ բյուջեի նախագիծը, պահպանման ծախսերի նախահաշիվը, հաստիքացուցակը եւ 2012 թ. տարեկան աշխատանքային ծրագիրը:
Մեկ այլ հարցով արծարծվել է Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի 2011 թ. ֆինանսատնտեսական գործունեության անկախ աուդիտ իրականացնող կազմակերպության թեկնածության հարցը: Նիստում որոշվել է մեկ տարով վերահաստատել FREDA-ի Ներդրումային կոմիտեի անդամների լիազորությունները:




























