NEWS.am-ը ներկայացնում է Արա Խաչատրյանի հոդվածը` հրապարակված «Asbarez»-ում: Այս հրապարակումը պատասխան է «The Washington Post»-ում Ֆրեդ Հայաթի հոդվածին, որին անդրադարձել է նաեւ NEWS.am-ը:
«The Washington Post»-ի հոդվածագիր Ֆրեդ Հայաթն ալիեւյան քարոզչության ոգով պաշտպանում է Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան Մեթյու Բրայզային եւ քննադատում նրա նշանակումն արգելափակող հայկական լոբբիին:
Պաշտոնական Բաքուն ղարաբաղյան հակամարտությանն ադրադառնալիս հաճախ է նախընտրում համեմատել Ադրբեջանի եւ Հայաստանի ազգային հարստությունները եւ պնդել, թե Ադրբեջանն այնպիսի ուժ է, որի հետ հաշվի նստել չի կարելի` թաքցնելով արդեն 20 տարի Ադրբեջանում առկա արեւմտյան նավթային շահերը:
Հայաստանի մեկուսացման համար Հայաթը մեղադրում է հայկական լոբբիին` մոռանալով հիշատակել, որ Թուրքիան ու Ադրբեջանը փակել են Հայաստանի հետ սահմանները եւ շարունակում են ղարաբաղյան հակամարտության կարգավորումն օգտագործել որպես բարիդրացիական հարաբերությունների հաստատման նախապայման:
Հայաթը նաեւ մեղադրում է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբին դեսպանի աշխատանքի համար բարձր որակավորում ունեցող Բրայզայի նշանակման դեմ արշավ սկսելու համար: Հայաթը նշում է, որ Բրայզան աջակցության է արժանացել Պետքարտուղարության նախկին պաշտոնյաների եւ բազմաթիվ վերլուծական կենտրոնների կողմից: Դրանցից մի քանիսն աջակցում են Ադրբեջանի նման երկրներում շահեր ունեցող եւ կորպորացիաների մեծ գրպանի օգտին աշխատող նեոպահպանողական ծրագրերը:
Այն փաստարկը, թե Ադրբեջանը հարուստ է, Հայաստանը` աղքատ, եւ այդ պատճառով հայկական լոբբին պետք է լռի, իսկ Բրայզայի նշանակումը հավանություն ստանա` այնքան խոցելի է իր տրամաբանությամբ, որ հարց է ծագում, թե ինչու է Հայաթն այդքան շահագրգռված Բրայզայի նշանակման հարցում:
«The Washington Post»-ն առաջին անգամ չէ կուրորեն պաշտպանում Բրայզային: Հայաթի ղեկավարությամբ` թերթի խմբագրական հոդվածները միակողմանիորեն Բրայզայի օգտին են, իսկ նրա դեմ արտահայտվողները` հատկապես Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը, ենթարկվում են քննադատության:
Հայաթն անիմաստ է համարում Բրայզայի դեմ անցած տարի Սենատի լսումների ժամանակ սենատորներ Բարբարա Բոքսերի եւ Ռոբերտ Մենենդեսի բերած փաստարկները` նրանց մեղադրելով Բրայզայի ճակատագիրը «շահերի խմբերին» պատանդ տալու համար: Հայաթը կարծում է, որ այդ խմբերը արջի ծառայություն են մատուցում Հայաստանին` դեմ դուրս գալով Բրայզայի նշանակմանը:
Հայաթը միայն հպանցիկ է անդրադառնում սենատորների ներկայացրած արդարացի մտավախություններին: Սենատորները ուշադրություն էին հրավիրել այն փաստին, որ Բրայզան անկարող է եղել արագ եւ արդյունավետ գործել, երբ ադրբեջանական ուժերը Ջուղայում ոչնչացնում էին հայկական հուշարձանները: Ադրբեջանական իշխանությունները խոչընդոտել են դեսպան Բրայզայի այցելությունը Ջուղա, թեեւ, անկեղծ ասած, նա երբեք էլ չի փորձել մեկ անգամ եւս այցելել այդ քաղաք: Բրայզան նաեւ հարցականի տակ չի դրել այդ գործողությունների օրինականությունը:
Հայաթը նաեւ խուսափում է անդրադառնալ ադրբեջանական քաղաքական շրջանակներում Բրայզայի արմատավորված դիրքին եւ աղաղակող աջակցությանը ընդդիմադիր ուժերին եւ այլախոհական շրջանակներին ճնշող ադրբեջանական կառավարությանը: «The Washington Post»-ի խմբագրական էջի խմբագիրը կարծում է, որ Ալիեւի ռեժիմի հետ Բրայզայի կնոջ կապերի վերաբերյալ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի անհանգստությունը էթնիկ հողի վրա է:
Նա մոռանում է նշել, որ Բրայզայի կինը` Զեյնո Բարանը, եղել է ադրբեջանական կառավարության ֆինանսավորած «Ադրբեջան Ֆոկուս» ամսագրի խմբագրական խորհրդի անդամ: Հանդեսը հրատարակում է Ադրբեջանի նախագահին կից Ռազմավարական հետազոտությունների կենտրոնը: Այդ խմբագրական խորհրդում Բարանին միացել են Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը եւ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն:
Հայաթը պնդում է, թե Բրայզան ժողովրդավարության եւ խաղաղության ամրապնդման փարոս է, բայց նրա անտարբերությունը Բաքվի ռազմաշունչ հայտարարություններին ցույց է տալիս, որ նա չի ցանկանում զայրացնել իր ընկերներին եւ օժանդակում է խաղաղ բանակցություններին Բաքվի մարտական մոտեցմանը: Դեսպանի պաշտոնում մեկ տարի պաշտոնավարելու ընթացքում Բրայզան կողմնակալ վերաբերմունք է ցուցաբերել միջադեպերի ընտրության եւ դրանք համապատասխան մարմիններին ներկայացնելու հարցում: Այդ կերպ նա ավելի շատ նպաստել է Բաքվի պաշտոնական քարոզչությանը, քան` ԱՄՆ-ի շահերի պաշտպանությանն Ադրբեջանում:
«Այս ամենից առավել տանուլ են տալու ոչ թե ամերիկացիներն ու ադրբեջանցիները, այլ` աղքատ, մեկուսացած հայերը, որոնք հերթական անգամ զոհ են գնում մի քաղաքական խաղի, որը ոչ մի ընդհանուր եզր չունի իրենց բարեկեցության հետ», – ամփոփել է Հայաթը:
Հայաստանի տնտեսական բարեկեցության վերաբերյալ Հայաթի մտահոգությունը սրտառուչ է, բայց Բրայզայի նշանակման եւ Հայաստանի տնտեսական հիմնախնդիրների լուծման միջեւ հավասարության նշան դնելը լավագույն դեպքում կարճատեսություն է եւ էժանագին ու անգրագետ եզրակացություն նման հեղինակավոր թերթի խմբագրի համար:



























