2012 թվականի քաղաքական կյանք ենք մտնում բացառիկ ծանր բեռով: Այս մասին, այսօր` դեկտեմբերի 21-ին, հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում նկատեց ԱԺ ՀՅԴ-ական պատգամավոր Լիլիթ Գալստյանը: «Դրա մեղավորները շատ են. ունենք մի իշխանություն, որը 20 տարի վարվող քաղաքականության հետագծի ժառանգորդն է, որի մեջ բոլոր քաղաքական ուժերն իրենց մեղավորությունն ունեն»,-ասաց նա ու շարունակեց. «Արտաքին պարտքի հարաբերակցությունը ՀՆԱ-ի հետ իսկապես սպառնալից չափի է հասել` 40 տոկոսից ավելի: Կոռուպցիայի ցուցանիշը եւս վատթարացել է: Կառանձնացնեի նաեւ ժողովրդավարության նահանջը, արտագաղթի ահանգնացող ալիքը: Սրանք բոլորը մեր ազգային անվտանգությանը ուղղված սպառնալիքներ են»:

Լիլիթ Գալստյանի խոսքով, եթե իսկապես Հայաստանի ապագայով մտահոգ ենք, ապա «այդ առանցքում նախեւառաջ պետք է տեսնենք  2012թ-ի մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունների հնարավորինս ազատությունը եւ թափանցիկությունը»:

ՀՅԴ-ական պատգամավորը նկատեց, որ եթե մայիսին չկարողանանք ապահովել արդար ու ազատ ընտրություններ, «կունենանք անհանգիստ փողոց, ինչը ունեցանք 2008թ-ից սկսած»: