Նոյեմբերի 15-ին Նաբերեժնի Չելնիի դիսկո-բարերից մեկում բռնկված հրդեհի արդյունքում երկու մարդ զոհվել, 23-ը հոսպիտալացվել են։ Հրդեհի ահազանգը հնչել է 08։30-ի սահմաններում, եւ արդեն 20 րոպե անց կրակը մարվել է։ Հրդեհի հետեւանքով 10ք/մ տարածք է այրվել։

Կրակը մարելուց հետո հրեջները երկու հոգու՝ 21-ամյա մի աղջկա եւ 24-ամյա մի տղամարդու դիակ են հայտնաբերել։ Եվս 20 մարդու հաջողվել է տարհանել։

Տուժածներից վեցի վիճակը ներկայումս ծանր է գնահատվում, նրանք գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։ Նրանցից մեկը՝ երիտասարդ մի աղջիկ, «Ինտերֆաքսի» տվյալներով, կոմայի մեջ է, նրան արհեստական շնչառություն է միացված։

Ներկայումս ուսումնասիրվում են դեպքի մի քանի վարկածներ, սակայն նրանցից ամենահավանականը, իրավապահ մարմինների տվյալներով, հրկիզումն է։ «Հնարավոր է՝ դա մրցակիցների ձեռքի գործն է»,- ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել է Արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչը։ Հրկիզման վարկածն ավելի հիմնավոր է դարձել այն բանից հետո, երբ «Ատմոսֆերա» դիսկո-բարի մուտքի մոտ վառելիքով լցված տարա է հայտնաբերվել։

Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, վկայակոչելով ՌԴ Թաթարստանի մասով քննչական մարմնի աշխատակից Էդուարդ Աբդուլինին, հրկիզման մեջ կասկածվում է մի քանի անգամ դատված, թմրամոլ, 33-ամյա տեղացի մի բնակիչ։ Չնայած բազմաթիվ մարդկանց վկայությունների՝ տղամարդը մերժում է իր մասնակցությունը կատարվածին։

Համաձայն քննության նյութերի՝ 33-ամյա տղամարդը վառելիքով լի տարայով ներս է խուժել դիսկո-բար, ուր այդ պահին մոտ 50 մարդ կար։ Նա անսպասելի կերպով ընկել է, եւ բռնկվող վառելիքը տարածվել է պարահրապարակում։ Ինքը՝ հրկիզողը, փախել է դեպքի վայրից։

Քրեական գործ է հարուցվել «հասարակության համար վտանգավոր միջոցներով իրականցված երկու եւ ավելի մարդկանց սպանություն» հոդվածով։