ԲՀԿ-ն լուծարել է իր իսկ կողմից ստեղծված մշակույթի աջակցման խորհուրդը, որի խնդիրը մշակույթի ոլորտում ֆինանսական օժանդակություն տրամադրելու նպատակով ծրագրային ընտրություն կատարելու համար անաչառ մրցույթների անցկացումն էր:

Այս առնչությամբ, Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանի տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Դեռեւս հունիս ամսին Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր մշակույթի աջակցման համար 100 մլն դրամ տրամադրելու իր որոշման մասին:

Հայտերի ընդունման համար բարձր մասնագիտական մոտեցում ապահովելու եւ անաչառ մրցույթներ անցկացնելու համար ստեղծվել էր մշակույթի աջակցման խորհուրդ: Խորհուրդն օժտված էր ինքնուրույն ծրագրային ընտրություն կատարելու եւ ֆինանսական որոշումներ կայացնելու լիազորություններով:

Ցավոք, անցած ամիսների ընթացքում խորհուրդը չկարողացավ գոնե մեկ ծրագրի հավանություն տալ, չֆինանսավորվեց ոչ մի ծրագիր, այն պայմաններում, երբ մեր երկրում բազմաթիվ մշակութային նախագծեր աջակցության կարիքն ունեն: Գագիկ Ծառուկյանի համար անընդունելի են տեխնիկական եւ այլ կարգի բացատրություններն ու արդարացումները:

Հաշվի առնելով այս հանգամանքը, որոշում է կայացվել լուծարել մշակույթի աջակցման խորհուրդը: Գագիկ Ծառուկյանը վերահաստատում է 100 մլն դրամ մշակույթի աջակցմանը տրամադրելու իր որոշումը: Ավելին` անհրաժեշտության դեպքում պատրաստակամություն է հայտնում ավելացնել այդ գումարը: Առաջիկայում ծրագրերի ընտրության եւ նախագծերի ֆինանսավորման ողջ պատասխանատվությունը դրվում է Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի վրա:

Գագիկ Ծառուկյանը շնորհակալություն է հայտնում Մշակույթի աջակցման խորհրդի բոլոր այն անդամներին, ովքեր այս ամիսների ընթացքում ցուցաբերեցին մեծ պատասխանատվություն, ազնվություն եւ բարձր պրոֆեսիոնալիզմ եւ վստահություն է հայտնում, որ առաջիկայում կգտնվեն համագործակցության նոր, հետաքրքիր եզրեր` հանուն մեր երկրի, հանուն մշակույթի զարգացման»: