Իլոն Մասկի ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտը (DOGE) կրճատել է ԱՄՆ-ի Ճանապարհների երթեւեկության անվտանգության ազգային վարչության (NHTSA) մոտ 80 աշխատակիցների, որոնք պատասխանատու են ինքնակառավարվող մեքենաների անվտանգության վերահսկման համար: Այս մասին հայտնում է The Washington Post (WP) թերթը՝ վկայակոչելով աղբյուրներ։
Դրա գնահատամամբ՝ աշխատակազմի կրճատումները կարող են նշանակել շահերի բախում։ Ինքնավար մեքենաների, այդ թվում Մասկի Tesla-ի անվտանգության վերահսկման համար պատասխանատու յոթ մարդկանցից երեքը հեռացվել են աշխատանքից: «Եթե հարցն այն է, արդյո՞ք դա կազդի դաշնային կառավարության կարողության վրա՝ հասկանալու, թե որքան անվտանգ են Tesla մեքենաները, ապա այո, դա կազդի: Կառավարությունում այն մարդկանց թիվը, ովքեր կարող են դա համարժեք գնահատել, շատ քիչ է»,- հրապարակմանը ասել է աշխատանքից ազատված ինժեները։
Բացի այդ, կրճատումներն ազդել են վթարի թեստերի վրա աշխատող մասնագետների, ինչպես նաև անվտանգության ծրագրերի պետական ֆինանսավորման հարցերով զբաղվող աշխատակիցների և հոգեբանների վրա, ովքեր ուսումնասիրում են վարքի ձևերը հարբած վարելու և արագության գերազանցման ժամանակ:
Հունվարի 20-ին Թրամփի երդմնակալությունից անմիջապես հետո DOGE-ը սկսեց ԱՄՆ բյուջեի ծախսերի մասշտաբային աուդիտը: Ընդհանուր առմամբ, Մասկն ակնկալում է ԱՄՆ կառավարության ծախսերը կրճատել 2 տրիլիոն դոլարով։ Փաստորեն, Մասկի դրդմամբ ժամանակավորապես դադարեցվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) գործունեությունը` դրա հետագա վերակազմավորման նպատակով։





























