Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ Դոնեցկի Մետալուրգի կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանի համար մրցաշրջանը հաջող դասավորվեց: Նա աչքի ընկավ ազգային  հավաքականի եւ ակումբային խաղերում: Փյունիկից տեղափոխվելով Մետալուրգ` Ղազարյանը 23 տարեկանում շատ ավելի հասուն եւ բովանդակալից ֆուտբոլ է ցուցադրում` հղկելով վարպետությունը:

NEWS.am-ի թղթակիցը զրուցել է Հայաստանի հավաքականի աջ կիսապաշտպանի հետ:

Գեւորգ, ինչպե՞ս դասավորվեց քեզ համար 2011 թվականը:

Անցնող տարին ինձ համար շատ բարդ ու ծանր էր: Մրցաշրջանին սկսեցի նախապատրաստվել, Կուբանի կազմում, եղա այդ թիմի հավաքներում, հետո վերադարձա Փյունիկ, երկու շրջան խաղացի Հայաստանի առաջնությունում եւ տեղափոխվեցի Դոնեցկի Մետալուրգ:

Մրցաշրջանն ինձ համար սկսվեց շատ վաղ եւ դեռ չի ավարտվել: Ֆիզիկապես եւ հոգեբանորեն ծանր էր: Կարծում եմ, որ վատ տարի չեմ անցկացրել ֆուտբոլում, թեեւ կարող էր ավելի լավ լինել: Չեմ դժգոհում, ամեն ինչ կարգին է: Այս տարի քիչ փորձառություն չեմ ձեռք բերել, բայց դեռ պետք է շատ աշխատել եւ ջանք գործադրել վարպետության բարձրացման համար: Ինձ եւ հավաքականի իմ թիմակիցներին Դոնեցկի Մետալուրգում լավ ընդունեցին: Ես արդեն հարմարվել եմ Մետալուրգի խաղին, այդ իմաստով ամեն ինչ լավ է, պակասում են գոլերը: Պետք է լրացնել այդ բացը:

Ինչպե՞ս է կյանքը Դոնեցկում: Դու այնտեղ արդեն կնոջդ հետ ես: Դժվա՞ր էր Երեւանից հետո հարմարվել Դոնեցկի կյանքին:

Դոնեցկն արդեն կարծես հարազատ քաղաք լինի: Անկեղծ ասած, Դոնեցկի եւ Երեւանի միջեւ որոշակի նմանություն եմ տեսում, այդ պատճառով շատ ավելի հեշտ է: Ավելի ստույգ, Դոնեցկը շատ նման է Երեւանին:

Ինչպե՞ս է կինդ վերաբերվում ֆուտբոլին, օգնո՞ւմ է քեզ պատրաստվել հանդիպմանը, տրամադրվել խաղին:

Կինս այնքան էլ չի սիրում ֆուտբոլ եւ քիչ է հասկանում ֆուտբոլից: Նա դիտում է հանդիպումները, որպեսզի տեսնի, թե ինչպես եմ ես խաղում: Խաղից հետո ոչ պրոֆեսիոնալ վերլուծում է խաղը, բայց ձգտում է դժվար պահերին ինձ օգնել:

Դոնեցկի փողոցներում երկրպագուները քեզ արդեն ճանաչո՞ւմ են:

Պատահում է, բայց ոչ հաճախ: Հնարավոր է` դեռ քիչ ժամանակ է անցել մեր տեղափոխությունից հետո եւ Դոնեցկում խաղալուց:

Մետալուրգում խաղում են Կառլեն Մկրտչյանը եւ Մարկոս Պիզելին, Հենրիխ Մխիթարյանը նույնպես Դոնեցկում է: Ընկերների ներկայությունը օգնո՞ւմ է:

Բնականաբար, օգնում է: Եւ հանդիպումների ժամանակ, եւ կյանքում ընկերների ներկայությունը շատ մեծ հաջողություն ու ուրախություն է: Ամեն վայրկյան կարելի է ապավինել նրանց եւ վստահ լինել սեփական ուժերի վրա:

Հայաստանի ազգային հավաքականը 2011-ին լավ մրցաշրջան անցկացրեց: Ինչպե՞ս ես գնահատում թիմի ելույթները եւ, մասնավորապես, քո խաղը:

Ես կարծում եմ, որ մեր հավաքականն այդ հաջողություններին մի ակնթարթում չի հասել: Թիմի հաջողությունը մարզիչների եւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի երկարամյա եւ արդյունավետ աշխատանքի արդյունքն է: Ամեն դեպքում, 2011 թվականը լավագույնն է հավաքականում իմ ելույթների ընթացքում: Թեեւ կարող էր ավելի հաջող ստացվել: Բայց մենք շատ բան սովորեցինք եւ թիմի ձեռք բերած փորձը պետք կգա ապագայում:

Քեզ համար ո՞վ է 2011թ. Հայաստանի լավագույն ֆուտբոլիստը:

Անկեղծ պատասխանեմ: Թիմում բոլորն իմ ընկերներն են: Նրանցից յուրաքանչյուրը կարեւոր խաղացող է հավաքականի համար: Ճիշտ է` կան ֆուտբոլիստներ, որոնք ավելի շատ են գնդակ խփում եւ միշտ ուշադրության կենտրոնում են: Սակայն ես ոչ մեկի չեմ առանձնացնի: Ֆուտբոլը թիմային խաղ է, եւ մենք ուժեղ ենք թիմով:

2014թ. աշխարհի ընտրական մրցաշարում մենք ավելի ուժեղ մրցակիցների դեմ ենք խաղալու, քան ավարտված ընտրական շրջափուլում: Ի՞նչ հնարավորություններ մենք ունենք այս խմբում (Իտալիա, Դանիա, Չեխիա, Բուլղարիա, Մալթա):

Համաձայն եմ, որ ավելի բարդ խումբ է: Բայց եթե հիշենք Դուբլինում իռլանդացիների դեմ խաղը, ապա համարձակորեն կարելի է ասել, որ խաղադաշտում հեղինակություններից վախենալ պետք չէ: Եվրո-2012-ի ընտրական վերջին հանդիպումներում մեր հավաքականի ցուցադրած խաղով մենք կարող ենք լավ արդյունքի հասնել: Պետք է ուսումնասիրել յուրաքանչյուր մրցակցի ուժեղ եւ թույլ կողմերը, յուրաքանչյուր խաղից առաջ նախապատրաստվել համապատասխան: Կենտրոնացում, առավելագույն նվիրվածություն եւ նպատակասլացություն. մեզ համար գլխավորը նպատակն է: Կարելի է հաղթել ցանկացած մրցակցի, եւ մենք կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի ուրախացնենք հայ ժողովրդին:

Գեւորգ, ի՞նչ տեղ է քո կյանքում զբաղեցնում ֆուտբոլը:

Դժվար է բառերով ասել: Ֆուտբոլն իմ կյանքն է: Ես ապրում եւ ուրախանում եմ ֆուտբոլով:

Զրուցեց Խաչիկ Չախոյանը: