Ուրբաթ հազարավոր մարդիկ հավաքվել են ողջ Սլովակիայում՝ նշելու հետաքննող լրագրող Յան Կուցյակի եւ նրա հարսնացու Մարտինա Կուշնիրովայի սպանության յոթերորդ տարելիցը, որոնք սպանվել են 2018թ. փետրվարին իրենց հայրենի քաղաքում՝ մայրաքաղաք Բրատիսլավայից արեւելք գտնվող Վելկա Մաչայում: Այս մասին հայտնել է Euronews-ը։
Մահվան պահին նրանք 27 տարեկան էին, եւ միջադեպը զանգվածային փողոցային բողոքների տեղիք տվեց։
Դրան հաջորդած քաղաքական ճգնաժամը հանգեցրեց Ռոբերտ Ֆիցոյի ղեկավարած կոալիցիոն կառավարության տապալմանը։ Սպանության պահին Կուցյակը զբաղվում էր նաեւ կառավարությունում հնարավոր կոռուպցիայի հետաքննությամբ։
Գործարար Մարիան Կոչները, որին մեղադրել են սպանությունների կազմակերպման մեջ, երկու անգամ արդարացվել է։
Բողոքը դարձել է հակակառավարական ելույթների ալիքի մի մասը պոպուլիստ վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի ռուսամետ քաղաքականության դեմ։ Դրանք նաեւ ամենամեծ ցույցերն էին 2018թ. սպանություններից հետո։
Բողոքներն ուժեղացել են այն բանից հետո, երբ Ֆիցոն այցելել է Մոսկվա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու համար։ Այդ այցը դարձել է Եվրամիության ղեկավարների հազվադեպ այցերից մեկն այն ժամանակվանից ի վեր, երբ Կրեմլը սկսել է լայնածավալ ներխուժումն Ուկրաինա 2022թ. փետրվարին։
Ցուցարարները նաեւ դեմ են Ֆիցոյի առաջարկին՝ Եվրամիությունից եւ ՆԱՏՕ-ից հնարավոր դուրս գալու մասին։
Կազմակերպիչների խոսքով՝ հանրահավաքներին մասնակցել են Սլովակիայի 47 եւ արտասահմանի 16 քաղաքների բնակիչներ։ Մոտ 10 000 ցուցարարներ մայրաքաղաք Բրատիսլավայի Ազատության հրապարակում պահանջել են Ֆիցոյի հրաժարականը։





























