Աբխազիայում սկսել են գործել նախագահական ընտրությունների երկրորդ փուլի ընտրատեղամասերը, հայտնել է «ՌԻԱ Նովոստին»։
Ընտրողների համար գործում է Աբխազիայի 152 ընտրատեղամաս, եւս երկուսը Ռուսաստանում՝ Մոսկվայում եւ Չերկեսկում: Ընտրողների հիմնական ցուցակում ընդգրկվել է 134 հազար մարդ։
Ընտրությունների երկրորդ փուլին մասնակցում է հայտնի քաղաքական գործիչ եւ առաջին փուլի հաղթող Բադրա Գունբան, ինչպես նաեւ ընդդիմադիր Ադգուր Արձինբան։ Փետրվարի 15-ին կայացած առաջին փուլում Գունբան ստացել է ձայների 46,38, իսկ Արձինբան՝ 36,92 տոկոսը։
Երկրորդ փուլում կհաղթի այն թեկնածուն, որը կհավաքի ձայների մեծամասնությունը, եւ այն պետք է գերազանցի մրցակցի ձայների եւ «բոլոր թեկնածուների դեմ» տրված ձայների հանրագումարը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրությունները ճանաչում է կայացած, եթե դրանց մասնակցում է ընտրացուցակներում ընդգրկված Աբխազիայի քաղաքացիների մեկ քառորդից ավելին։
Եթե թեկնածուներից ոչ մեկը երկրորդ փուլում չընտրվի, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կնշանակի կրկնակի ընտրությունների օր։





























