Նագոյա նահանգի ճապոնական AIM ընկերությունը ներկայացրել է իր նոր մշակումը` ենթակոմպակտ էլեկտրական EVM ավտոմեքենան, հայտնում է Drom.ru-ն։

Նոր մոդելն ունի երկտեղանի թափք, ընդհանուր երկարությունը և լայնությունը համապատասխանաբար 2,5 մետր և 1,3 մետր են, շրջադարձի նվազագույն շառավիղը՝ 3,5 մետր։

AIM EVM-ն սերտիֆիկացվել է L7e դասով՝ ավտոմոբիլային ոճի կառավարիչներով ծանր աշխատանքային քվադրոցիկլներ: Տրանսպորտի այս տեսակի պահանջները նվազ  խիստ են, քան սովորական մարդատար ավտոմեքենաների համար: Միևնույն ժամանակ, քվադրոցիկլներն հանրային ճանապարհներին երթևեկելու թույլատվություն ունեն: Միևնույն ժամանակ, կան որոշակի տեխնիկական սահմանափակումներ քվադրոցիկլների առնչությամբ (օրինակ, քարշիչ էլեկտրական շարժիչի հզորությունը չպետք է գերազանցի 15 կՎտժ-ը կամ 20 ձիաուժը):

AIM EVM հիմնակմախքը պատրաստված է շրջանակ-պանել տեխնոլոգիայի կիրառմամբ. կրող կառուցվածքը եռակցված է պողպատե խողովակներից, արտաքին պանելները՝ կոմպոզիտներից: Ճապոնիան տարեկան կարտադրի մինչև 1000 այդպիսի էլեկտրական ավտոմեքենա: Դրանք հիմնականում ուղղված են Օկինավա կղզու բնակիչներին, որը հեռու է երկրի գլխավոր կղզիներից:

AIM EVM-ի արտաքին տեսքը պատրաստված է միտումնավոր անսովոր և բարեկամական. ընկերությունում ասում են, որ կլորացված կողմերով և «ուռուցիկ» լուսարձակներով ոճը պետք է գրավի Օկինավա այցելող զբոսաշրջիկներին:

Ավտոմեքենան համալրված է 52 Ահ (9,98 կՎտժ) հզորությամբ լիթիումի երկաթի ֆոսֆատ մարտկոցով և մեկ լրիվ լիցքավորման դեպքում ունի մինչև 120 կմ հեռահարություն։ Կենցաղային ցանցից էներգիայի մատակարարումը համալրվում է հինգ ժամում։

AIM EVM-ի տանիքի կենտրոնական հատվածը շարժական է, ինչը նշանակում է, որ էլեկտրական ավտոմեքենան մի քանի պարզ մանիպուլյացիաներով կարող է վերածվել թարգայի։

Ճապոնիայում նոր արտադրանքի գինը 1,9 միլիոն իեն է (13 հազար ԱՄՆ դոլար)։