Գյումրի-Երեւան ճանապարհին, դեկտեմբերի 21-ին, «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենայի շրջվելու պատճառը, որի հետեւանքով 1 մարդ մահացել էր, 10-ը` վիրավորվել, հնարավոր է, ընթացքի ժամանակ վարորդի ննջելն է եղել: Այս մասին aravot.am-ի թղթակցի հետ զրույցում նշել են այդ ավտովթարից տուժածները, ովքեր ներմայումս գտնվում են Գյումրիի Գ. Գյուլբենկյանի անվան հիվանդանոցում:

Վիրավորներից մեկը` վիրահատության ենթակա տարեց մի կին, ով շատ էր խնդրում իր անուն-ազգանունը չհրապարակել, ասել է, որ վարորդը բավականին ծանր հիվանդ է եղել, անընդհատ քիթն է ֆսսացրել, գլուխն է բռնել, այդ պատճառով էլ միկրոավտոբուսը շուռ է եկել: «Որ ասում են, թե ճանապարհին մերկասառույց է եղել, հեչ էլ այդպես չէր, դեպքը տեղի է ունեցել Լանջիկի ու Մարալիկի արանքում, ամբողջ ճանապարհին մառախուղ էր, աչք աչքի չէր երեւում, բայց Մարալիկ չհասած` պայծառ արեւ բացվեց, այսինքն՝ լավ պրծանք: Մեկ էլ «ԳԱԶԵԼ»-ը 3 անգամ պտտվեց, շուռ եկավ ու կանգնեց, չեմ էլ հիշում լուսամուտից եմ դուրս ընկել, թե դռնից, միայն գիտեմ, որ մի կին մահացած վրաս էր ընկած»-, պատմել է տուժողը:

7-ամյա Մանե Խաչատրյանի մայրն էլ ասել է, որ իր աչքով է տեսել, թե ինչպես էր վարորդը ակնոցներն աչքերին դրել ու ճանապարհին քնել: «Միգուցե ճնշումն էր բարձրացել, մարդ է էլի, չգիտեմ, հո ինքը չէր ուզում, որ էսպես լինի: Բայց կողքին նստած մարդը, տեսնելով, որ վարորդը քնում է՝ բղավեց` էս մարդը աչքը կպցրել է: Այնուհետեւ ոչինչ չեմ հիշում, ուշաթափվել էի»:

Երեխայի պապի պատմելով էլ, Մանեն արյունաշաղախ վիճակում ընկել է մոր կրծքին, պատահական ուղեւորները նրանց տեղափոխել են Ավստրիական մանկական հիվանդանոց, այնուհետեւ բերել Գյուլբենկյան հիվանդանոց` վիրահատելու: Պապիկը դժգոհել է, որ ուղեւորի կյանքն այս երկրում դարձրել են խաղալիք, գծատերերին այնպիսի արտոնություններ են տալիս, որ նրանք ոչ վարորդների առողջական վիճակն են ստուգում, ոչ էլ մեքենաների տեխնիկական վիճակը:

Տուժողները վստահեցրել են, որ վարորդը եղել է պրոֆեսիոնալ, ամբողջ ընթացքում նորմալ արագությամբ է վարել:

Գյուլբենկյան հիվանդանոցի գործադիր տնօրեն Խաչատուր Կարապետյանի ներկայացմամբ, այդ վթարից տուժողներից 3-ն այսօր առավոտյան դուրս են գրվել, այս պահին հիվանդանոցում կա 7 տուժած, որոնցից ամենածանր վիճակում գտնվում է 40-ամյա Գայանե Ավագյանը: Նա, ըստ Կարապետյանի, ստացել է գանգի բաց կոտրվածք: Նա այսօր առավոտյան գիտակցության է եկել, հիմա նրա մոտ նկատվում է նաեւ հիշողության վերականգնում, վիճակը շարունակում է մնալ միջին ծանրության:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Լանջիկից դեպի Գյումրի տանող ճանապարհահատվածին, Մարալիկի ոլորաններում, դեկտեմբերի 21-ին, ժամը 17:15-ին, «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենա էր շրջվել, որի ղեկին եղել է Երեւանի բնակիչ, 51-ամյա Գագիկ Նիկոյանը: Վթարի հետեւանքով 11 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ էին ստացել, որոնցից 74-ամյա Շուշանիկ Սուվարյանը, ով վթարի հետեւանքով ստացել էր գանգուղեղային փակ կոտրվածք, մահացել է: Նրան փորձել են շտապ վիրահատել, սակայն կյանքը փրկել չի հաջողվել. նա մահացել է վիրահատական սեղանին:

Մյուս վիրավորներն են 32-ամյա Արմինե Մխիթարյանը, 73-ամյա Շուշան Սարդարյանը, 43-ամյա Կարինե Բեյբուրթյանը, 29-ամյա Քրիստինե Սուվարյանը, 26-ամյա Վարուժան Բիշարյանը, 43-ամյա  Արեւիկ Մովսիսյանը, հայր ու աղջիկ Խաչատուր եւ Հասմիկ Աբրահամյանները: Վիրավորների մեջ ամենափոքրը 7-ամյա Մանե Խաչատրյանն է:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ քր.օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասով, այն է ճանապարհային պատահար` մահվան ելքով: Նշանակված է դատատեխնիկական փորձաքննություն. ուսումնասիրում են միկրոավտոբուսի տեխնիկական վիճակը: