Հնագետները Սալվադորում հայտնաբերել են 2400 տարվա հազվագյուտ տիկնիկներ, որոնք, ամենայն հավանականությամբ, օգտագործվել են հանրային ծեսերի մեջ՝ ի կատարումն «առասպելական կամ իրական» նշանավոր իրադարձությունների:

Հետազոտությունները ցույց են տալիս, որ Սալվադորի բնակիչներն առավել ինտեգրված են Կենտրոնական Ամերիկայի ավելի լայն մշակույթին, քան նախկինում ենթադրվում էր, ասված է նոր հետազոտության մեջ:

Հնագետները 2022 թվականին բրգաձև մեծ կառույցի գագաթին հայտնաբերել են չորս կնոջ և մեկ տղամարդու պատկերող հինգ կերամիկական արձանիկներ:

Անսպասելի գտածոն, որի մասին վերջերս հաղորդվել է Antiquity հանդեսում, ի սկզբանե ենթադրվում էր, որ շքեղ թաղման նվիրաբերության մի մասն է:

Բայց քանի որ հնագետները տեղում մարդկային մնացորդներ չեն գտել, տիկնիկների տեղադրումը վայրի ամենաբարձր բուրգի մեջ հուշում է, որ դրանք օգտագործվել են հանրային ծիսակատարությունների ժամանակ:

Հինգ տիկնիկներից երեքի հասակը գրեթե 30-ական սանտիմետր է, մինչդեռ մնացածներն ավելի կարճ են՝ 18 սմ և 10 սմ բարձրության: Երեք մեծ արձանիկները պատկերված են մերկ և չունեն մազեր կամ զարդեր, սակայն երկու փոքր կերպարներն ունեն «մազափնջեր ճակատին և ականջակոնքեր ականջաբլթակներով», - գրել են գիտնականներն իրենց հետազոտության մեջ:

Հնագետները գրում են, որ առավել խոշոր կերպարներն ունեն շարժական գլուխներ և բաց բերաններ, ինչպես ժամանակակից խաղալիք տիկնիկները, և կարող են օգտագործվել թատերական տեսարաններում կամ փոխանցելու հաղորդագրություններ կամ պատմություններ «հեշտությամբ վերծանվող, առասպելական կամ իրական» իրադարձությունների մասին, գրում են հնագետները: