Mercedes-Benz-ը փորձարկման է հանել EQC քրոսովերի իրավահաջորդը: Նոր մոդելը կոչվում է GLC with EQ Technology, այն տեխնիկապես ավելի զարգացած է և դիզայնի առումով միավորված է վառելիքով աշխատող քրոսովերի հետ։ Էլեկտրական ավտոմեքենան կտեղափոխվի 800 վոլտ լարման ճարտարապետության, կստանա ժամանակակից մարտկոցներ և արգելակման նոր համակարգ։
Mercedes-Benz-ը հրապարակել է EQ Technology-ով GLC նոր էլեկտրական քրոսովերի առաջին լուսանկարները, հայտնում է Motor.ru-ն։ Այն կփոխարինի իրեն չարդարացրած EQC-ին և տեխնիկական առումով ավելի առաջադեմ կլինի: Էլեկտրական ավտոմեքենան կստանա սիլիցիումի կարբիդի ինվերտորներ, հետևի էլեկտրաշարժիչ՝ երկաստիճան փոխանցման տուփով և արգելակման նոր համակարգ, որը մեկ մոդուլում միավորում է ուժեղացուցիչը, գլխավոր գլանը և ESP բլոկը։
Գերմանացիները հատկապես հպարտանում են իրենց՝ էներգիայի երեք աղբյուր օգտագործող ջերմային պոմպով. մարտկոցների և էլեկտրական շարժիչների ավելորդ ջերմությունը, ինչպես նաև շրջակա օդը: Պոմպը ձմռանը կտաքացնի ինտերիերը, իսկ ամռանը կհովացնի այն, բացի դրանից, կապահովի մարտկոցի հարկադիր սառեցումը մինչև արագ լիցքավորումը։ Էլեկտրական GLC-ի համար կառաջարկվեն մի քանի մարտկոցներ՝ տարբեր հզորություններով և ներքին քիմիայով: Ամենաթանկարժեքները կունենան գրաֆիտի և սիլիցիումի օքսիդի խառնուրդից պատրաստված անոդ և համատեղելի կլինեն 320 կիլովատ հզորությամբ տերմինալների հետ։
Քրոսովերը ներկայում փորձարկվում է Շվեդիայի հյուսիսում՝ Արյեպլուգում։ Ծրագիրը ներառում է ավելի քան 500 ստանդարտ և մոտ հարյուր առանձնահատուկ թեստեր, որոնց նպատակն է գնահատել էլեկտրական համակարգերի աշխատանքը։ Այս թեստերի երկու երրորդը վերաբերում է ուժային էլեկտրոնիկային և լիցքավորմանը: Ինժեներները պետք է իմանան, թե ինչպես է էլեկտրական շարժիչը վարվում ցածր ջերմաստիճաններում, ինչպիսին կլինի իրական միջակայքը և որքանով է օպտիմալ կերպով աշխատում վերականգնումը:
Ըստ ոչ պաշտոնական տվյալների՝ EQ Technology-ով Mercedes-Benz GLC-ի շուկայական դեբյուտը նախատեսվում է հաջորդ տարի, ինչը նշանակում է, որ պրեմիերան կարող է տեղի ունենալ արդեն 2025 թվականին։





























