Երկար ժամանակ համարվում էր, որ առաջին մարդիկ չեն բնակվել արևադարձային անտառներում: Մինչդեռ նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ մարդկային պոպուլյացիաներն ապրում էին աֆրիկյան անձրևային անտառներում դեռ 150 հազար տարի առաջ, ինչը հակասում է նախամարդկանց բնակավայրերի մոդելների մասին նախկին ենթադրություններին, գրում է Arkeonews-ը։
Հետազոտողների խումբը վերլուծել է հնագիտական գտածոները ներկայիս Կոտ դ'Իվուարի տարածքից և պարզել, որ նախամարդիկ այս խիտ անտառներում բնակվել են շատ ավելի վաղ, քան նախկինում ենթադրվում էր, հայտնում է Фокус-ը։
Քննարկվող տեղանքը 1980-ականներին առաջին անգամ հետազոտել են Ֆելիքս Հուփհուետ-Բոյնիի (Université Félix Houphouët-Boigny) համալսարանի պրոֆեսոր Յոդ Գեդեն: Նախկին պեղումների ժամանակ հայտնաբերել էին քարե գործիքներ, սակայն ժամանակի տեխնոլոգիական սահմանափակումները անհնարին էին դարձնում ճշգրիտ ամսաթիվը:
Վերջին հետազոտողները կրկին այցելել են տեղանք՝ օգտագործելով այնպիսի եղանակներ, ինչպիսին են օպտիկական խթանված լյումինեսցենցիան և էլեկտրոնային սպինի ռեզոնանսը՝ մոտավորապես 150 հազար տարվա տարիքը սահմանելու համար:
Նստվածքի նմուշների հետագա վերլուծությունը հաստատել է, որ այն ժամանակներում տարածաշրջանը խիտ անտառապատ էր: Ծաղկափոշին, ֆիտոլիտները և իզոտոպային հետազոտությունները բացահայտեցին արևմտյան Աֆրիկայի անձրևային անտառների բուսականության առկայությունը՝ խոտածածկ տարածքների փոքր հետքերով: Այս արդյունքները վկայում են, որ վաղ մարդկային պոպուլյացիաները հաջողությամբ հարմարվել և բարգավաճել են այս բարդ միջավայրում շատ ավելի վաղ, քան նմանատիպ ապացույցները գրանցվել են այլ վայրերում:
Բացահայտումը զգալիորեն փոխում է արևադարձային անտառների գաղութացման ժամանակագրությունը, որը, ինչպես նախկինում համարվում էր, սկսել է Աֆրիկայում՝ մոտ 18 հազար տարի առաջ: Այն նաև կարևոր հարցեր է բարձրացնում այս էկոհամակարգերի վրա վաղ մարդկանց ազդեցության վերաբերյալ:
Ըստ Մաքս Պլանկի Մարդկային պատմության գիտության ինստիտուտի պրոֆեսոր Էլեոնորա Սկերրիի՝ հետազոտությյան արդյունքներն ընդգծում են բնակչության տեղաշարժերի և շրջակա միջավայրի հետ փոխազդեցության բարդ պատմությունը: Հետազոտողներն այժմ նպատակ ունեն ուսումնասիրել Կոտ դ'Իվուարի այլ վայրերը, որպեսզի ավելի լավ ըմբռնեն անձրևային անտառներում վաղ մարդկանց կյանքի նրբերանգները:





























