Եգիպտոսում հնագետները հայտնաբերել են 2600 տարվա հնության մի կճուճ՝ լի ոսկյա զարդերով, դրանց թվում՝ աստվածների ընտանիք պատկերող հազվագյուտ արձանիկ, որն, ամենայն հավանականությամբ, կրել են որպես հուռութք:

Գիտնականների խումբը կճուճը հայտնաբերել է Կառնակի տաճարում՝ Լուքսոր քաղաքի (հին Թեբե) մոտ գտնվող համալիրում:

Տաճարը կառուցվել է մոտ 4000 տարի առաջ և հազարամյակների ընթացքում մշտապես ընդլայնվել, վերակառուցվել և փոփոխվել է: Այս վայրում պաշտում էին մի շարք աստվածներ, նրանց թվում՝ Ամոնը՝ Թեբեի գերագույն աստվածը։

Ըստ Եգիպտոսի զբոսաշրջության և հնությունների նախարարության հայտարարության՝ գտածոները ներառում են ուլունքներ, հմայիլներ և արձանիկներ, որոնցից շատերը պատրաստված են ոսկուց:

«Դրանք հայտնաբերվել են Կառնակի տաճարային համալիրի հյուսիս-արևմտյան հատվածում, - Live Science-ին պատմել է Եգիպտոսի զբոսաշրջության և հնությունների նախարարության հնագետ Աբդելղաֆար Վաղդին, որը թիմի ղեկավարներից է: -Ենթադրվում է, որ այս տարածքում վարչական և պահեստային տարածքներ են գտնվում»։

Ամենաուշագրավ գտածոներից մեկը ոսկեձույլ արձանիկն է, որին պատկերված են Ամոն, Հոնսու և Նուտ աստվածները՝ կանգնած միմյանց կողքին: Այս աստվածները մի ընտանիք էին. Ամոնը Թեբեի գերագույն աստվածն էր, նրա կինը՝ երկնքի աստվածուհի Նուտը՝ մայր աստվածուհին, իսկ նրանց որդին՝ լուսնի աստված Հոնսուն։ Երեք աստվածներն էլ կապված էին Թեբեի հետ, և երեքի միասին պատկերները հայտնաբերվել են Եգիպտոսի նախորդ պեղումների ժամանակ։ Արձանիկը, հավանաբար, կրել են պարանոցին որպես հմայիլ, ասում է Վաղդին:

«Թեբայի եռյակի պատկերումը հուռութքի վրա, ըստ երևույթին, խորհրդանշում է նվիրվածություն Ամոնի, Նուտի և Հոնսուի աստվածային ընտանիքին», - ասում է Վաղդին ՝ նշելով, որ այն անձը, ում պատկանում էր այն, հավանաբար, հույս ուներ աստվածային պաշտպանության արժանանալ:

Անհասկանալի է, թե ինչու են զարդերը թաքցրել կճուճում։

Ըստ Վաղդիի՝ գոյություն ունեն մի քանի վարկածներ, ներառյալ այն, որ զարդերը կարող էին արարողության ժամանակ նվիրաբերություններ լինել աստվածներին, չի բացառվում նաև, որ դրանք տաճարի գանձարանին նվիրատվություն էին: Մյուս հավանականությունն այն է, որ նրանք թաղվել են պահպանության համար՝ այդ շրջանում քաղաքական անկարգությունների ժամանակ: