Խաղաղ օվկիանոսի հարավ-արևմուտքում ընդամենը 21,3 քառակուսի կիլոմետր տարածք ունեցող Նաուրուի քաղաքացիություն կարելի է ստանալ 105 հազար դոլարով, հայտնում է CNN-ը։
Փոքրիկ, ցածրադիր կղզին գործարկել է «ոսկե անձնագիր» նախաձեռնությունը՝ գումար հավաքելու կլիմայական փոփոխությունների դեմ պայքարը ֆինանսավորելու համար: Նաուրուն մոլորակը տաքանալուն զուգընթաց բախվում է գոյաբանական սպառնալիքների, որի պատճառը ծովի մակարդակի բարձրացումն է, փոթորիկների բռնկումն ու առափնյա հատվածի էրոզիան:
Սակայն երկիրը կլիմայական ճգնաժամից պաշտպանվելու ռեսուրսներ չունի, որի պատճառը բնական հարստությունների անհամաչափ բաշխմամբ է պայմանավորված:
Կղզիական երկրի կառավարությունը հայտարարում է, որ քաղաքացիության վաճառքը կօգնի միջոցներ հավաքել կղզու 12,5-հազարանոց բնակչության 90%-ին ավելի բարձր վայրեր տեղափոխելու և բոլորովին նոր համայնք ստեղծելու ծրագրի համար:
«Ոսկե անձնագրերի» վաճառքը նորություն չէ, բայց դրանք հակասական են. պատմությունը լի է հանցավոր նպատակներով «ոսկե անձնագրերի» օգտագործման օրինակներով:
Ընդսմին, քանի որ զարգացող երկրները կաշվից դուրս գալով փորձում են ստանալ իրենց անհրաժեշտ գումարը՝ կլիմայի փոփոխության աճող ազդեցության դեմ պայքարելու համար (ֆինանսական դեֆիցիտը, որը հավանաբար կսրվի կլիմայական գործողությունների գլոբալ ծրագրից Միացյալ Նահանգների դուրս գալուց հետո), նրանք ստիպված են դրամական միջոցներ հայթայթելու նոր ուղիներ փնտրել:
Անձնագրերի արժեքը կկազմի առնվազն 105 հազար դոլար, սակայն կարգելվի դրանք տրամադրել որոշակի քրեական անցյալ ունեցող անձանց։ Նաուրուական անձնագիրը հնարավորություն է տալիս առանց վիզայի մուտք գործել 89 երկիր, ներառյալ՝ Մեծ Բրիտանիա, Հոնկոնգ, Սինգապուր և Արաբական Միացյալ Էմիրություններ:





























