Հայաստանի ոստիկանության տեղեկատվական կենտրոնի տվյալներով 2010 թվականի ընթացքում հանրապետությունում արձանագրվել է թրաֆիքինգի 13 դեպք (2009թ.` 11), 2011թ. 9 ամիսների ընթցքում դարձյալ 13 դեպք (2010թ. ինը ամիսներին` 11): Վիճակագրությունը վկայում է, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի  համեմատ առկա է 2 դեպքերի աճ: Այդ մասին ասվում է Հայաստանի գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության կատարած ուսումնասիրության մեջ,

Թրաֆիքինգի փաստերով հարուցված քրեական գործերով բացահայտված դեպքերը առավել վաղ տարիներին արձանագրված դեպքեր են:

Այսպես. 2010-11թթ. բացահայտված դեպքերով շահագործման ենթարկված 39 տուժողներից 17-ի նկատմամբ հանցավոր ոտնձգությունը կատարվել է 2005-2009 թվականների ընթացքում, իսկ 18-ի նկատմամբ` 2010թ. ընթացքում եւ միայն 4-ի նկատմամբ` 2011թ. ընթացքում: 

2010թ. ընթացքում ընդհանուր առմամբ դատախազական հսկողություն է իրականացվել թրաֆիքինգի փաստերի վերաբերյալ քննվող 15 քրեական գործերի նախաքննության նկատմամբ, որոնցից 10-ը հարուցվել են 2010թ.-ին, 2-ը վերսկսվել են 2010թ-ին` հետախուզվողների հայտնաբերման հիմքով, 1 քրեական գործից մաս է անջատվել, 1 քրեական գործ փոխանցվել է 2009թ.-ից: Նշված քրեական գործերով մեղադրանք է առաջադրվել 15 անձանց, որոնցից 14-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, 1-ի նկատմամբ` ստորագրություն չհեռանալու մասին:

2010թ. ընթացքում 5 քրեական գործ 6 անձանց վերաբերյալ ուղարկվել է դատարան, 1 քրեական գործի վարույթը կասեցվել է` մեղադրյալի հետախուզման հիմքով, 6 քրեական գործի վարույթ փոխանցվել է 2011թ.: 2010թ. ընթացքում 4 քրեական գործերով  դատապարտվել են 5 անձինք, բոլորն էլ ազատազրկման, ընդ որում` 4 անձինք դատապարտվել են 7-10 տարի ժամկետով ազատազրկման, իսկ մեկ անձ, ում աջակցությամբ հնարավոր էր եղել մերկացնել թրաֆիքինգ իրականացրած կազմակերպված խմբի ղեկավարին ու անդամներին եւ ապահովել նրանց քրեական պատասխանատվությունը, դատապարտվել է 3 տարի ժամկետով ազատազրկման:

2011թ. դատախազական հսկողություն է իրականացվել թրաֆիքինգի փաստերի վերաբերյալ քննվող 14 քրեական գործերի նախաքննության նկատմամբ, որոնցից 6-ը փոխանցվել են 2010թ.-ից, 4-ը հարուցվել են 2011թ.-ին, 2-ը վերսկսվել են 2011թ-ին հետախուզվողների հայտնաբերման հիմքով, 2 քրեական գործերից էլ մասեր են անջատվել: Հաշվետու ժամանակահատվածում 6 քրեական գործեր 13 անձանց վերաբերյալ ուղարկվել են դատարան, 3 քրեական գործերի վարույթ կասեցվել է` մեղադրյալների հետախուզման հիմքով, 1 քրեական գործի վարույթ կարճվել է, 4 քրեական գործերով  նախաքննություն շարունակվում է:

2011թ. ընթացքում 7 քրեական գործով դատապարտվել են 11 անձինք, բոլորն էլ ազատազրկման, ընդ որում` 8 անձինք դատապարտվել են 7-9 տարի ժամկետով ազատազրկման, իսկ երեք անձինք` 4-7: Նշված դատական ակտերից երկուսի դեմ մեղադրողների կողմից բերվել են վերաքննիչ բողոքներ, որոնք ընթացքի մեջ են, իսկ ամբաստանյալների կողմից բոլոր գործերով բերվել են վերաքննիչ բողոքներ, որոնք մերժվել են: