ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Մերձավոր Արեւելքի հարցերով հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը կժամանի Մոսկվա՝ հանդիպելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ԱՄՆ եւ Ուկրաինայի պատվիրակությունների բանակցություններից հետո, որոնք կկայանան մարտի 11-ին Սաուդյան Արաբիայում, հայտնել են աղբյուրները Bloomberg-ին եւ Reuters-ին։
Սա կլինի Ուիթքոֆի երկրորդ այցը Ռուսաստան. մինչ այդ նա այստեղ եղել էր փետրվարի 11-ին եւ Պուտինի հետ հանդիպումից հետո ԱՄՆ թռավ ամերիկացի Մարկ Ֆոգելի հետ, որը Ռուսաստանում 14 տարվա ազատազրկման էր դատապարտվել թմրանյութերի գործով։ Ուիթքոֆը նշել է, որ այցի ընթացքում «շատ ժամանակ» է անցկացրել ՌԴ նախագահի հետ՝ բարեկամական հարաբերություններ հաստատելով նրա հետ։ Walla News-ի եւ Axios-ի թղթակից Բարաք Ռավիդը, կենտրոնանալով Թրամփի հատուկ բանագնացի ժամանակացույցի վրա, հայտնել է, որ նա կարող է հանդիպել Պուտինի հետ հինգշաբթի՝ մարտի 13-ին, սակայն ընդգծել է, որ «դա դեռ կարող է փոխվել»:
Ուիթքոֆը բանակցություններին կմասնակցի ուկրաինական պատվիրակության հետ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի եւ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլթցի հետ միասին։ Ուկրաինան հանդիպմանը կներկայացնեն նախագահական գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը, արտգործնախարար Անդրեյ Սիբիգան եւ պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը։ Վաշինգտոնը հայտարարել է, որ բանակցությունների հիմնական նպատակը խաղաղության համաձայնագրի եւ նախնական զինադադարի հիմքերի ստեղծումն է։
Պետդեպարտամենտի ղեկավարն ընդգծել է, որ Կիեւն ու Մոսկվան ստիպված կլինեն զիջումների գնալ, այդ թվում՝ տարածքային։ Նրա խոսքով, Սաուդյան Արաբիայում ուկրաինական կողմի հետ հանդիպումը «առանցքային նշանակություն կունենա» Կիեւին ամերիկյան ռազմական օգնության վերականգնման համար։ Մասնավորապես, ԱՄՆ-ը ակնկալում է, որ Ուկրաինան պատրաստ կլինի «դժվար որոշումներ կայացնել»՝ պատերազմն ավարտելու կամ գոնե «այս կամ այն ձեւով» այն «կասեցնելու» համար։ Միեւնույն ժամանակ, Ռուբիոն «խոստումնալից» է անվանել Ուկրաինայի առաջարկը մասնակի հրադադարի մասին, որը ենթադրում է անօդաչու թռչող սարքերի հարվածների եւ հեռահար հրթիռների արգելում, ինչպես նաեւ Սեւ ծովում ռազմական գործողությունների դադարեցում։ «Էլ չեմ ասում, որ միայն սա բավական է, բայց սա այն զիջումն է, որը պետք է տեսնել հակամարտությունն ավարտելու համար»,- նշել է պետքարտուղարը։





























