Ուկրաինայի Զինված ուժերը սպառել են բոլոր հեռահար ATACMS հրթիռները, որոնք օգտագործել են Ռուսաստանին հարվածելու համար, Associated Press-ին հայտնել են ամերիկացի անանուն պաշտոնյան եւ Գերագույն ռադայի պաշտպանության կոմիտեի անդամը: Գործակալության ամերիկացի զրուցակցի խոսքով՝ ընդհանուր առմամբ Վաշինգտոնը Կիեւին մոտ 40 հեռահար հրթիռ է տրամադրել։ Ընդ որում՝ դրանք վերջացել են դեռ հունվարի վերջին։

Ուկրաինայի զինված ուժերը Կուրսկի, Բրյանսկի, Բելգորոդի եւ Ռոստովի մարզերի վրա գրոհների համար օգտագործել են ATACMS-ներ։ Որոշ գրոհներ հանգեցրել են զոհերի եւ ավերածությունների: Նոյեմբերի 19-ին եւ 21-ին Բրյանսկի եւ Կուրսկի մարազերի ռազմական օբյեկտները ենթարկվել են ամերիկյան հրթիռների հարձակմանը։ Գրոհի վերջին թիրախը եղել է Հյուսիսային խմբավորման հրամանատարական կետը։ Զինվորականների մեջ կան զոհեր եւ վիրավորներ։ Ի պատասխան՝ նոյեմբերի 21-ին Ռուսաստանը «Օրեշնիկ» բալիստիկ հրթիռով խոցել է ուկրաինական ռազմարդյունաբերական համալիրի օբյեկտը։ Սակայն հարվածների փոխանակումից հետո Ուկրաինան շարունակել է հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքում գտնվող թիրախներին՝ օգտագործելով արեւմտյան հրթիռներ։

Հարվածների մասին վերջին հաղորդումները եղել են հունվարին։ Հունվարի 14-ի գիշերը ուկրաինական բանակը Բրյանսկի մարզի թիրախների ուղղությամբ արձակել է 6 ATACMS եւ վեց հեռահար «Storm Shadow» հրթիռներ։ ՌԴ պաշտպանության նախարարությունը նշել է, որ դրանք բոլորը խփվել են ՀՕՊ ուժերի կողմից, զոհեր չկան, սակայն տուժել է ավելի քան 40 տնային տնտեսություն։ Հունվարի 17-ին Ուկրաինայի զինված ուժերը վեց ATACMS-ով թիրախներ են խոցել նաեւ Բելգորոդի մարզում։ Ի պատասխան վերջին հարձակման՝ ռուսական բանակը խմբակային գրոհ է ձեռնարկել «Լուչ» կոնստրուկտորական բյուրոյի վրա, որտեղ արտադրվում են «Նեպտուն» հրթիռներ եւ «Օլխա» համակարգի արկեր։

Մարտի սկզբին Միացյալ Նահանգները դադարեցրել է ռազմական օգնությունն Ուկրաինային՝ Կիեւին ստիպելու համար սկսել խաղաղ բանակցությունները։ Մարտի 11-ին Սաուդյան Արաբիայում հանդիպում է կայացել ԱՄՆ եւ Ուկրաինայի ներկայացուցիչների միջեւ, որտեղ Կիեւը հայտնել է 30 օրով կրակը դադարեցնելու պատրաստակամության մասին, եթե Մոսկվան համաձայնի նման քայլին։ Դրանից հետո, CNN-ի տվյալներով, ամբողջությամբ վերսկսվել են ամերիկյան զենքի մատակարարումները։ Ուկրաինան, սակայն, ստանում է ռազմական օգնության փաթեթները, որոնք հաստատվել են նախագահ Ջո Բայդենի վարչակազմի կողմից։ Դրանք պարունակում են հրետանային արկեր, հակատանկային զենքեր եւ զինամթերք HIMARS հրթիռային համակարգի համար։ Սակայն հեռահար հրթիռներ Ուկրաինա չեն մատակարարվում։