Կորոնավիրուսի համավարակի սկսվելուց հինգ տարի անց հայտնի է դարձել, որ մահացու վիրուսը, մեծ հավանականությամբ, ծագել է չինական լաբորատորիայից, գրում է Bild-ը։

Գերմանիայի Դաշնային հետախուզական ծառայության (BND) տվյալները, որոնք հաղորդում են Die Zeit-ը և Süddeutsche Zeitung-ը, ցույց են տալիս, որ գերմանական իշխանությունները կարող էին նախկինում տեղյակ լինել դրա մասին, բայց դա չեն հրապարակել:

Ինչպես նշում է Die Zeit-ը, 2020 թվականին կանցլերը BND-ից պահանջել է գտնել պատասխանը։ Գերմանական հետախուզությունը, որը անմիջականորեն ենթարկվում էր կանցլերին, սկսել է իր աշխատանքը:

Գերմանիայի Դաշնային հետախուզական ծառայությունը վերլուծել է բաց աղբյուրները՝ 2019-2020 թվականների գիտական հետազոտություններն ու ատենախոսությունները՝ մարդու ուղեղի վրա կորոնավիրուսի ազդեցության վերաբերյալ: Եզրակացությունը տագնապալի էր. այս թեմայով ամենաառաջադեմ հետազոտությունն իրականացվել է Ուհանում, որտեղ վիրուսը տարածվել է։

Բացի հանրային տվյալներից, հետախուզական գործակալությունն օգտագործել է գաղտնի «Սաարեմաա», գործողություից ստացված տեղեկությունները, որոնք ընթացքում խորհրդապահական տվյալներ է ստացել չինական գիտական ​​հաստատություններից, ներառյալ Ուհանի վիրուսաբանության ինստիտուտից:

BND-ը նաև հարցազրույցներ է անցկացրել Չինաստանի իրազեկիչների հետ և խորհրդակցել գործընկեր հետախուզական գործակալությունների հետ: Ըստ Դաշնային հետախուզական ծառայության՝ Չինաստանում հայտնաբերվել են կորոնավիրուսներին առնչվող գաղտնի լաբորատոր փորձեր։

Բացի դրանից, գերմանական հետախուզությունը ստացել է սեփական տեղեկատվություն վտանգավոր փորձերի և անվտանգության կանոնների խախտման մասին։

Արդյունքում գործակալությունը եզրակացրել է, որ կորոնավիրուսը ծագել է լաբորատորիայում և, հավանաբար, տարածվել է դժբախտ պատահարի հետևանքով։ Դրա հավանականությունն, ըստ BND «հավանականության ինդեքսի», կազմում է 80-95 տոկոս։

Կորոնավիրուսի լաբորատոր ծագման մասին եզրակացությունը չափազանց զգայուն տեղեկատվություն էր։ Ըստ Die Zeit-ի՝ BND-ի ղեկավար Բրունո Քալը կանցլերին հայտնել է դեռ 2020 թվականին:

Տեղեկատվության շղթան սկզբում փոխանցվել է պետքարտուղար Յոհաննես Գայսմանին, ապա՝ կանցլերի աշխատակազմի նախարար Հելգա Բրաունին՝ Անգելա Մերկելի մերձավոր զինակցին։

Die Zeit-ը պնդում է, որ Մերկելը «ենթադրաբար» տեղեկացված է եղել։ Սակայն, թե կոնկրետ երբ և ում կողմից, մնում է անհասկանալի։ Հետախուզական ծառայությունների աղբյուրը Bild-ին հայտնել է. «Անհնար է պատկերացնել, որ կանցլերը տեղեկացված չի եղել BND-ի բացահայտումների մասին»:

Սակայն կառավարությունը որոշել է տեղեկությունը հանրությանը չբացահայտել։ Խորհրդարանը ևս տեղյակ չի եղել:

Ըստ Bild-ի՝ հարցը քննարկվել է 2025 թվականի մարտի 13-ին խորհրդարանական վերահսկողական հանձնաժողովի փակ նիստում։ Քննարկված հարցերը ներառում էին, թե ինչու չեն հրապարակվել BND-ի տվյալները, և ինչու խորհրդարանը տեղեկացված չի եղել, ով է այդ տեղեկությունը ստացել կանցլերի աշխատակազմում և երբ և ով է ընդունել այն թաքցնելու որոշումը։

Բունդեսթագի փոխնախագահ Վոլֆգանգ Կուբիցկին վրդովված է.: «Այս կոծկումը ես համարում եմ ԳԴՀ պատմության ամենամեծ կառավարական սկանդալներից մեկը։ Ըստ իս, սա որևէ իրավական հետևանք չի ունենա, բայց երկրի քաղաքական մշակույթի համար դա աղետ է: Պետության ազնվության հանդեպ վստահությունը լրջորեն խաթարվել է»:

Նրա կարծիքով՝ տեղեկությունն այնքան կարևոր էր, որ այն տիրապետում էր ոչ միայն Մերկելը, այլև ներկայիս կանցլեր Օլաֆ Շոլցը։

Սակայն Շոլցը, ինչպես առողջապահության նախկին նախարար Յենս Շպանը և ներկայիս առողջապահության նախարար Կառլ Լաուտերբախը, Bild-ին հայտարարել են, որ իրենք ոչինչ չգիտեին:

Կուբիցկին հայտարարել է. «Առաջին հերթին ես ակնկալում եմ լիարժեք թափանցիկություն. ով է տեղեկացված եղել և ինչ քայլեր են ձեռնարկվել Չինաստանի առնչությամբ»։

Նա միաժամանակ պնդում է, որ «կոծկման մեջ ներգրավված ցանկացած ոք այլևս չպետք է պատասխանատու պաշտոններ զբաղեցնի»: Խոսքը Մերկելի, Շոլցի և BND-ի ղեկավար Քալի մասին է։