Ուկրաինայում հրադադարի համաձայնության Ռուսաստանի պայմանները ցույց են տալիս, որ Մոսկվան իրականում խաղաղություն չի ցանկանում, երկուշաբթի հայտնել է Եվրամիության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Կայա Կալասը։

«Պայմանները, որոնք ներկայացրել են, ցույց են տալիս, որ նրանք իրականում խաղաղություն չեն ուզում, քանի որ որպես պայմաններ ներկայացնում են իրենց բոլոր վերջնական նպատակները, որոնց ցանկանում են հասնել պատերազմից»,- Բրյուսելում լրագրողներին ասել է Կալասը (մեջբերումն՝ ըստ Reuters-ի): Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն «Իզվեստիայի» հարցազրույցում հայտնել է, որ Մոսվան պահանջում է ՆԱՏՕ Ուկրաինայի չմտնելու «երկաթբետոնե երաշխիքներ»։ «Այդ երաշխիքների մի մասը պետք է դառնան Ուկրաինայի չեզոք կարգավիճակը, ՆԱՏՕ երկրների հրաժարումը՝ ընդունել նրան որպես դաշինքի անդամ։ Ըստ էության, հենց այս դրույթն էլ ամրագրված էր նշված համաձայնագրերի նախագծերում»,- ասել է ռուս դիվանագետը։