Մարտի 19-ի գիշերը Ռուսաստանը մի քանի տասնյակ հարվածային անօդաչու սարքերով գրոհել է Ուկրաինան, հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ «Մեր երկնքում մոտ 40 «Շահեդ» կա, ՀՕՊ-ն աշխատում է։ Ցավոք, հարվածներ են հասցվում քաղաքացիական ենթակառուցվածքներին»,- գրել է Զելենսկին իր թելեգրամ-ալիքում։ Նրա խոսքով՝ հարձակման են ենթարկվել առնվազն ինը մարզեր՝ Կիեւի, Ժիտոմիրի, Սումիի, Չեռնիգովի, Պոլտավայի, Խարկովի, Կիրովոգրադի, Դնեպրոպետրովսկի եւ Չերկասի։ Սումիում անօդաչուներից մեկը հարվածել է հիվանդանոցին։

«Հենց Ռուսաստանի նման գիշերային հարձակումներն են ոչնչացնում մեր էներգետիկ ոլորտը, մեր ենթակառուցվածքները եւ ուկրաինացիների բնականոն կյանքը։ Այսօր [Ռուսաստանի նախագահ Վլադիմիր] Պուտինը փաստացի մերժեց կրակի ամբողջական դադարեցման առաջարկը։ Ճիշտ կլիներ, եթե աշխարհը հրաժարվեր Պուտինի կողմից պատերազմը երկարացնելու ցանկացած փորձից։ Պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ։ Օգնություն Ուկրաինային»,- նշել է Զելենսկին։ Ուկրաինայի վրա ռուսական անօդաչուների հերթական գրոհը տեղի է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Պուտինի հեռախոսազրույցից մի քանի ժամ անց։ Բանակցություններից հետո Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել է, որ նախագահը հրահանգել է ռուս զինվորականներին դադարեցնել հարձակումները Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքի վրա։

Զելենսկին իր հերթին նշել է, որ Պուտինը չի համաձայնել ԱՄՆ առաջարկած 30-օրյա զինադադարին։ Նրա խոսքով՝ Կրեմլը շարունակում է հարձակողական պլանների իրականացումը, մասնավորապես՝ Զապորոժիեի մարզում, ինչպես նաեւ Խարկովի եւ Սումիի մարզերում։ «Այդ գործողությունների նպատակը Ուկրաինայի վրա առավելագույն ճնշում գործադրելն է, որպեսզի հետո ուժի դիրքերից վերջնագրեր թելադրեն։ Ես շատ կուզենայի, որ նախագահ Թրամփը լսեր եւ տեսներ, թե ինչ է ուզում Պուտինը»,- ասել է Զելենսկին։

Նաեւ, ըստ Ուկրաինայի նախագահի, Պուտինի պահանջները՝ դադարեցնել մոբիլիզացիան Ուկրաինայում եւ զենքի մատակարարումը Ուկրաինայի զինված ուժերին՝ որպես համապարփակ զինադադարի պայման, ուղղված են ուկրաինական բանակի թուլացմանը։ Այս վերջնագիրն արդեն հնչել էր պատերազմի սկզբում, նախագահը հիշեցրել է. «Պուտինը տեսնում է, որ ԱՄՆ-ը կարող է այդպիսի քայլեր անել, դրա համար էլ բարձրացնում է հենց այն, ինչը կարող է գործել»։