Toyota-ն և Subaru-ն իրենց շարունակական համագործակցության շրջանակում մտադիր են 2026 թվականին նոր զույգ կոմպակտ էլեկտրական ամենագնացներ թողարկել: Երկու ավտոարտադրողները նախկինում համագործակցել են Toyota bZ4x-ի և Subaru Solterra-ի ստեղծման վրա, և ընկերությունների վերջին համագործակցությունը կընդլայնի նրանց ներկայությունը աճող էլեկտրական ավտոմեքենաների շուկայում, հաղորդում է CarScoops-ը:

Ակնկալվում է, որ այս նոր մոդելներն առավել ավանդական ամենագնացի հաշվին ավելի լայն լսարան են թիրախավորելու:

Ի տարբերություն bZ4x և Solterra մոդելների, որոնք ֆուտուրիստական, ցածր նստեցվածքով դիզայն ունեն, ապագա ամենագնացները կարող են նմանվել հաջորդ սերնդի Toyota RAV4-ին՝ ավելի սուր քթով, տանիքի ռելսերով և առավել ուղղահայաց հետնամասով:

Toyota-ի և Subaru-ի տարբերակները, ըստ ամենայնի, կունենան ընդհանուր դիզայն և բաղադրիչներ, սակայն յուրաքանչյուրը կունենա սեփական արտաքին տեսքը՝ ապրանքանիշի ինքնատիպությունը պահպանելու համար:

Ակնկալվում է, որ նոր էլեկտրական ավտոմեքենաները, bZ4x-ի և Solterra-ի պես, կգործեն e-TNGA հարթակում, որը Toyota-ն մշակել է իր էլեկտրական մոդելների համար:

Սա նրանց հնարավարություն կընձեռի համատեղ օգտագործել ուժահավաքիչ մարտկոցները, էլեկտրական շարժիչները և այլ հիմնական բաղադրիչները՝ երկու ավտոարտադրողների զարգացման ծախսերը նվազեցնելու միտումով:

Ընդհանուր հարթակի օգտագործումը Toyota-ին և Subaru-ին հնարավորություն կտա ռեսուրսները կենտրոնացնել այլ էլեկտրական ավտեմեքենաների նախագծերի վրա՝ միաժամանակ կոմպակտ ամենագնացների հատվածում մրցունակ դիրք պահպանելով:

bZ4x-ի և Solterra-ի առանցքային տարբերությունն այն է, որ նոր էլեկտրական ամենագնացները, ըստ տեղեկությունների, կկառուցվեն Ճապոնիայի Subaru-ի Yajima գործարանում, այլ ոչ Toyota-ի Մոտոմատի (Motomachi) գործարանում:

Նախատեսվում է, որ արտադրությունը մեկնարկի 2026 թվականի հունվարին, իսկ մեքենաները կթողարկվեն դրանից անմիջապես հետո: