Ստամբուլի քաղաքապետի եւ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր ընդդիմախոսի ձերբակալությունից հետո Թուրքիայի խոշոր քաղաքներում տեղի ունեցած բողոքի ցույցերը լայնորեն մեկնաբանվում են ամբողջ աշխարհում: Դիտորդները համակարծիք են, որ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունը կապված է իշխանությունների ցանկության հետ՝ զրկել նախագահի ուժեղ հակառակորդին ընտրություններում նրան մարտահրավեր նետելու հնարավորությունից։
Der Spiegel (Համբուրգ, Գերմանիա)
Պուտչ ներքեւից
Էրդողանը կառավարում է Թուրքիան ավելի քան երկու տասնամյակ... Այս ընթացքում նա իր երկիրը քայլ առ քայլ վերածել է ավտոկրատիայի։ Նա խարխլել է արդարադատության համակարգը եւ ստիպել լրատվամիջոցներին միանալ գերիշխող գաղափարախոսությանը... Այժմ նա մեկ այլ քայլ է կատարել այս ճանապարհով. ձերբակալելով Իմամօղլուին. նա ոչ միայն բանտարկել է երկրի ամենասիրված քաղաքական գործիչներից մեկին։ Նա հիմնականում կասկածի տակ է դրել ընտրությունները... Էրդողանը հետեւում է ռուսական կամ իրանական մոդելին, որտեղ տիրակալն է որոշում, թե ով կարող է իրեն մարտահրավեր նետել։ Ըստ երեւույթին, նախագահական պալատը եզրակացրել է, որ Իմամօղլուն չափազանց հաջողակ է որպես քաղաքապետ եւ չափազանց հանրաճանաչ, որպեսզի նրան թույլ տրվի շարունակել պաշտոնավարել:
Hurriyet (Ստամբուլ, Թուրքիա)
«Ազգայնական շարժում» կուսակցությունը առողջ բանականության կոչ է անում
«Ազգայնական շարժում» կուսակցության (MHP) առաջնորդ Դեւլեթ Բահչելին Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի կալանավորումից հետո ողջախոհության եւ զսպվածության կոչ է արել։ Բահչելին վստահություն է հայտնել Թուրքիայի արդարադատության համակարգի հանդեպ։ MHP-ն Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության գլխավոր քաղաքական դաշնակիցն է։ Դեւլեթ Բահչելին քննադատել է նաեւ ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Օզգյուր Օզելի խոսքերը, որը քաղաքապետի կալանավորումը որակել է որպես հեղաշրջման փորձ։
The Washington Post (Վաշինգտոն, ԱՄՆ)
Թուրքական ոստիկանությունը ձերբակալել է Էրդողանի գլխավոր մրցակցին
Իր իշխանության երկու տասնամյակների ընթացքում Էրդողանը խստացրել է վերահսկողությունը կառավարական հաստատությունների նկատմամբ եւ ուժեղացրել խոսքի եւ կարծիքի ազատության ճնշումը: Նա նաեւ զգալիորեն խստացրել է իր վերահսկողությունը արդարադատության համակարգի նկատմամբ՝ մեղադրանքներ առաջադրելով եւ բանտարկելով իր հակառակորդներին։ Նա նաեւ ընդլայնել է վերահսկողությունը լրատվամիջոցների, համալսարանների եւ այլ հասարակական հաստատությունների վրա:
Iran Press (Թեհրան, Իրան)
Հազարավոր մարդիկ բողոքում են Ստամբուլի քաղաքապետի ձերբակալության դեմ
Հայտնի ընդդիմադիր առաջնորդ եւ Էրդողանի հիմնական մրցակից Իմամօղլուն ձերբակալվել է կոռուպցիայի եւ արգելված քաղաքական խմբի հետ կապերի մեղադրանքների պատճառով: Նրա կալանավորումը լայնածավալ բողոքի ցույցեր է առաջացրել՝ չնայած այլախոհությունը ճնշելու կառավարության ջանքերին՝ փակելով ճանապարհները եւ արգելելով ցույցերը: Բռնաճնշումներն ընկալվում են որպես Էրդողանի վարչակազմի ավելի լայն ռազմավարության մաս՝ հնարավոր արտահերթ ընտրությունների նկատմամբ վերահսկողությունը պահպանելու համար: Բողոքի ցույցերն արտացոլում են քաղաքացիների խոր հիասթափությունը Թուրքիայում ժողովրդավարական նորմերի խախտման վերաբերյալ: Իմամօղլուի ձերբակալությունը հաջորդել է Էրդողանի իշխող կուսակցության զգալի ընտրական կորուստներին՝ մտավախություն առաջացնելով, որ կառավարությունը դիմում է ավտորիտար միջոցների՝ ընդդիմությանը լռեցնելու համար:
The Economist (Լոնդոն, Մեծ Բրիտանիա)
Էրդողանը ձերբակալում է թեկնածուին, որը կարող էր նրան հաղթել
Պարոն Իմամօղլուի ձերբակալության ժամկետը պատահական չի թվում։ Կուսակցության մարտի 23-ի համագումարում ակնկալվում էր, որ Հանրապետական ժողովրդական կուսակցությունը նրան կառաջադրի որպես նախագահի թեկնածու 2028թ. ընտրություններում, որոնք, ըստ ամենայնի, կկայանան ավելի շուտ... Պարոն Իմամօղլուն անցած տարվանից հաջողությամբ առաջ է անցել թուրք առաջնորդից հասարակական կարծիքի հարցումներում։ Իշխանությունը... ակնհայտորեն չէր ուզում ամեն ինչ թողնել... պատահականության... Թուրքիայի առանց այդ էլ կաղացող ժողովրդավարության հեռանկարները մռայլ են թվում... Ստամբուլի քաղաքապետի ձերբակալությունն ամենանշանակալիցն է, բայց իր տեսակի մեջ առաջինը եւ, ամենայն հավանականությամբ, վերջինը չէ։ Վերջին մի քանի ամիսների ընթացքում բազմաթիվ ընդդիմադիր քաղաքապետեր եւ լրագրողներ, որոնք լուսաբանում էին պարոն Իմամօղլուի հետաքննությունը, ձերբակալվել են։





























