Tesla-ն հանվել է մասնակիցների ցանկից անվտանգության հնարավոր խնդիրների պատճառով, պարզաբանել են միջոցառման կազմակերպիչները։ Որոշումը հապճեպ ընդունվել է ավտոշոուի մեկնարկից անմիջապես առաջ։ Tesla էլեկտրական ավտոմեքենաները դեռ վերջերս ցուցադրվել են ցուցասրահներում, ինչպես երևում է Vancouver Sun պարբերականի հրապարակած լուսանկարներից:
Վանկուվերի ավտոսրահի կազմակերպիչները վստահեցրել են, որ Tesla-ին ինքնակամ հեռանալու հնարավորություն են տվել, հայտնում է Motor.ru-ն։ Ընկերությունը, սակայն, դրանից չի օգտվել, և ցուցահանդեսի բացումից բառացիորեն մեկ օր առաջ այն հարկադրաբար հանվել է։
Պաշտոնական պատճառը իրադարձությունների անվտանգությանն առնչվող մտահոգությունն է։ Tesla-ի ավտոմեքենաները, ավտոսրահները և սեփականատերերի տվյալները շաբաթներ շարունակ ենթարկվել են հարձակման, էլեկտրական ավտոմեքենաները հրկիզել են, դրանց վրա կրակել են, անվադողերը ծակել, իսկ թափքերին խազերով գրություններ են արվել: Դա տեղի է ունենում ընկերության ղեկավար Իլոն Մասկի աճող քաղաքական գործունեության և Դոնալդ Թրամփի առևտրային պատերազմների ֆոնին։ Վերջինս, ի դեպ, խոստացել է Tesla-ի վրա հարձակումները հավասարեցնել ահաբեկչության հետ։
Առայժմ զոհեր չկան, սակայն Վանկուվերի սրահի կազմակերպիչները, որոնք սպասում են մոտ 130 հազար այցելուի, որոշել են ռիսկի չդիմել։ Ընդ որում, Cybertruck-ը, Model 3-ը և նորացված Model Y-ն արդեն տեղադրված էին ցուցասրահներում։
Սակայն կանադացիների գործողություններում նկատվում էր նաև քաղաքական դրդապատճառ: Tesla-ի մասնակցությունը, ենթադրաբար, չեղարկվել է հենց Մասկի և Թրամփի կապի պատճառով, որը ոչ միայն տուրքեր է սահմանում կանադական ապրանքների վրա, այլև ցանկություն է հայտնել Կանադան դարձնել Միացյալ Նահանգների 51-րդ նահանգը։





























