Հայաստանը պատրաստվում է անցկացնել վերջին 20 տարվա ամենաարդար եւ թափանցիկ ընտրությունները, եւ դրա բոլոր նախադրյալները կան: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Ազգային Ժողովի հանրապետական պատգամավոր Հովհաննես Սահակյանը:
Նրա խոսքով, իշխանությունները հետեւողական կլինեն բիզնեսը խորհրդարանից տարանջատելու գործում, եւ այդ ուղղությամբ քայլեր են ձեռնարկվում. «Արդեն այսօր կան պատգամավորներ, որոնք սեփական նախաձեռնությամբ հայտարարում են, թե չեն առաջադրվելու, քանի որ խորհրդարանն իրենց տեղը չէ»:
Ըստ պատգամավորի, այդ գործընթացը պետք է աստիճանական լինի, քանի որ ցանկացած արագ գործընթաց հանգեցնում է ցնցումների:
Հարցին, թե ինչու խորհրդարանում կան օլիգարխ-պատգամավորներ եւ ինչու նրանք չպետք է լինեն այնտեղ, Սահակյանը պատասխանել է. «Օրենսդրությամբ նախատեսված է, որ պատգամավորները իրավունք չունեն զբաղվել բիզնեսով, եւ ես վստահ եմ, որ մեր պատգամավորներից եւ ոչ մեկը չի զբաղվում ձեռնարկատիրութամբ: Մարդիկ նախկինում ձեռքբերված ունեցված ունեն, որը հանձնել են լիազորված կառավարման: Սխալ է նրանց ձեռնարկատերեր, գործարարներ համարել, քանի որ դրա համար անձամբ պետք է զբաղվեն այդ գործով: Մենք նրանց կարող ենք հարուստ մարդիկ անվանել»:
Պատգամավորը նաեւ նշել է, թե խորհրդարանը պետք է համալրվի կադրերով, որոնք ունակ են զբաղվել պրոֆեսիոնալ օրենսդրական գործունեությամբ:




























