Մարտի 26-ին Nissan Motor-ը հայտնել է նոր մոդելների ամբողջական ցանկը, որոնք շուկա կհանվեն 2025-2027թթ.: Դրանց օգնությամբ ընկերությունը հույս ունի ներգրավել նոր սպառողներ եւ բարելավել իր անկայուն ֆինանսական վիճակը, գրել է Drom.ru-ն։

Nissan-ի գալիք նոր արտադրանքներն են հաջորդ (երրորդ) սերնդի Leaf էլեկտրական մեքենան եւ Rogue PHEV քրոսովերը՝ վերալիցքավորվող հիբրիդային էլեկտրասարքով (դա վերափոխված Mitsubishi Outlander PHEV է): Նաեւ 2025թ. ընթացքում ճապոնական ավտոարտադրողը կներկայացնի Renault 5 E-Tech պլատֆորմի վրա հիմնված Micra EV ենթակոմպակտ էլեկտրական մեքենան, հաջորդ սերնդի Sentra սեդանը, թարմացված Pathfinder քրոսովերը, արդիականացված Qashqai e-Power (սերիական հիբրիդ) եւ Infiniti QX60-ը:

2026-2027թթ. համար հայտարարվել է ինը ապրանք, այդ թվում՝ նոր քրոսովերներ Rogue e-Power եւ Juke EV, նորացված Navara եւ Frontiter-ի շրջանակի պիկապները, կուպե ձեւավորված քրոսովեր Infiniti QX65, որոշ էլեկտրական քրոսովերներ Nissan-ից եւ Infiniti-ից, ինչպես նաեւ մի քանի մոդելներ՝ հատուկ Հնդկաստանի շուկայի համար:

Այվեն Էսպինոզան, որն ապրիլի 1-ից ստանձնելու է Nissan Motor-ի նախագահի պաշտոնը, մամուլին ասել է. «Առաջիկա երկու տարիների ընթացքում մենք կստեղծենք հետաքրքիր արտադրանքների շարք, ներառյալ նոր Leaf-ը եւ նոր Micra EV-ը:

Մենք նաեւ կթարմացնենք մեր ամենագնացների տեսականին՝ բարելավված բնութագրերով: e-Power-ի հաջորդ սերունդը կունենա վառելիքի բարձր արդյունավետ սպառում: Մենք ներդրումներ կանենք այնպիսի ապրանքների մեջ, որոնք մարմնավորում են լավագույնը Nissan-ում»։