Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը կառավարության նիստում առաջարկել է քրեական պատասխանատվություն սահմանել էլեկտրաէներգիայի համար չվճարելու և գողանալու համար։
Ռահմոնը, ինչպես հայտարարել է մամուլի ծառայությունը, «անհանգստություն է հայտնել» աշուն-ձմեռ սեզոնում էլեկտրաէներգիայի ոչ ռացիոնալ օգտագործման և նորմայից բարձր կորուստների առնչությամբ։
Նա «պատասխանատուներին» հանձնարարել է վերացնել էներգետիկայի ոլորտում առկա թերությունները և կանխել էլեկտրաէներգիայի գողությունը։
Ամեն տարի Տաջիկստանի բնակիչները դժգոհում են էլեկտրաէներգիայի մշտական անջատումներից։
Կառավարությունը սահմանել է էլեկտրաէներգիայի մատակարարման ժամանակացույց՝ օրական ընդամենը մի քանի ժամ, սակայն տաջիկները ասում են, որ նույնիսկ այդ ծավալով էլեկտրաէներգիա չեն ստանում:
Պաշտոնյաները դա պայմանավորում են տարբեր խնդիրներով՝ տեղումների բացակայությամբ, ջրամբարներում ջրի ցածր մակարդակով, սարքավորումների վերանորոգմամբ, վթարների և էլեկտրաէներգիայի սպառման ավելացմամբ:
Մինչդեռ դեռևս 2019 թվականին Ռոհունի ՀԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի գործարկման արարողության ժամանակ Ռահմոնը հայտարարել էր, որ նման նախագծերը և էներգետիկ ոլորտի ընդհանուր բարեփոխումը «հնարավորություն են տվել զգալիորեն բարելավել բնակչությանը էլեկտրաէներգիայի մատակարարումը և էներգետիկ ենթակառուցվածքների շահագործումը», ինչպես նաև ամռանը ավելացնել էլեկտրաէներգիայի արտահանումը հարևան երկրներ:





























